«Եթե այսպես շարունակվի, հումանիտար աղետն անխուսափելի է լինելու, ու մեր կյանքի բնականոն ընթացքը գլխիվայր շրջվելու է». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախը կտրված է արտաքին աշխարհից: Ինչպե՞ս է կյանքն ընթանում այդ պայմաններում:

– Եթե այս ամենին հումորով նայենք, այնքան էլ սարսափելի բան չկա, բայց ավելի լուրջ. օր օրի հասկանում ենք, որ եթե այսպես շարունակվի, հումանիտար աղետն անխուսափելի է լինելու, ու մեր կյանքի բնականոն ընթացքը գլխիվայր շրջվելու է:

Լավ է մի բան, որ ժողովուրդն ունի համապատասխան կամք ու տոկունություն՝ հանուն մեծ նպատակի, մեր ապագայի կարողանանք հաղթահարենք, ինչքան էլ դժվար լինի, հատկապես որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում բազմիցս է հայտնվել նման իրավիճակներում. ունենք Մուսա լեռան 40 օրը, Բայազետի պաշտպանությունը, այնպես որ, հայ ժողովուրդը բավական լավ փորձ ունի շրջափակման պայմաններում ինքնակազմակերպվելու և առաջ գնալու:

Իսկ ընդհանուր առմամբ՝ օր օրի խնդիրներն ավելի ցայտուն են դառնում ու գալիս են հուշելու, որ մենք լուրջ բացթողումներ ենք ունեցել նոյեմբերի 9-ից հետո սկսած:

Այսինքն՝ եթե այդ բացթողումները չլինեին, հնարավոր կլինե՞ր խուսափել ադրբեջանական այս քայլից:

– Նկատի ունեմ, որ պետք է կարողանայինք ժամանակին կանխատեսել, ու սրանից հետո էլ պետք է հասկանանք, որ Ադրբեջանի հետ հարևանությունը շատ հարուստ է անակնկալներով: Ադրբեջանը չի հրաժարվում իր առավելապաշտական նկրտումներից, ինչը լուրջ սպառնալիք է հայ ժողովրդի գոյապահպանման համար թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:

Աշխարհը նմանատիպ իրավիճակից դուրս գալու փորձ ունի. նախ՝ մի կողմից միջազգային հանրության առավել հասցեական ու ակտիվ միջամտությունը, երկրորդ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած կողմերի պարտավորությունների լիարժեք կատարումը, ինչը վերաբերում է և՛ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմին, և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որպեսզի կարողանան մինչև վերջ իրացնել իրենց վրա վերցրած պարտավորությունները:

Կոնկրետ այս պարագայում ես չեմ տեսնում, թե Հայաստանը ձեռքերը ծալել է, ընդհակառակը՝ երևում է ակտիվ աշխատանք, բայց որ Ադրբեջանը բավական լուրջ կազմակերպված մարտավարություն է կիրառում Արցախը հայաթափելու գործում, ակնհայտ է: Այսքանը մենք հասկանում ենք, պատրաստ ենք, ընդունել ենք մարտահրավերը, կարելի էր շատ ավելի լավ պատրաստվել, եթե ժամանակին հասկանայինք, որ այն ընթացքը, որը վերցրել ենք կառավարման համակարգում, ոչ արդյունավետ ու ոչ մրցակցային է Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքներին:

Նկատի ունեք և՛ Արցախի, և՛ Հայաստանի կառավարման համակա՞րգը:

– Իհարկե:

Պարո՛ն Հովհաննիսյան, դուք որ ասում եք՝ պետք է կանխատեսեինք ու պատրաստ լինեինք, Հայաստանի իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, օրինակ՝ ասում է, որ իրենց համար դա սպասելի էր, ու զարմանալու ոչինչ չկա, ավելին՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե Լաչինի միջանցքն այս անգամ բացվի, մի քանի օր հետո Ադրբեջանը դա նորից չի փակի:

– Մի բան է նստել ու սպասելը, այլ բան պատրաստվելը: Այլ խնդիր է, երբ դու զոհի հոգեբանությամբ նստում ու սպասում ես, ու լրիվ այլ է, երբ դու քո բոլոր համակարգերը բերում ես համապատասխան ռեժիմի, երբ ցանկացած սադրանքի պարագայում ունենում ես համապատասխան լուծման բանալին:

Կառավարող ուժն իսկապե՞ս ունեցել է այն բոլոր բանալիները, որպեսզի կարողանայինք այս խնդրին միանգամից լուծում տալ, միգուցե ունեն, բայց դեռևս չի երևում, սակայն երբ կողքից հայացք ես ձգում, հասկանում ես, որ այս երկու տարվա մեջ լուրջ բացթողումներ են եղել կազմակերպչական առումներով, պետությունը համապատասխան բանաձև չի մշակել տարբեր իրավիճակների համար:

Փաստորեն, համաձայն չե՞ք թե՛ Արցախի ու թե՛ Հայաստանի ընդդիմադիր ձեր գործընկերների հետ, որ ՀՀ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից ու ողջ պատասխանատվությունը դրել Ռուսաստանի ուսերին:

– Իրավաբանական առումով՝ համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իհարկե, դա ռուս խաղաղապահների իրավասության տակ գտնվող տարածք է, ու այնտեղ պետք է հստակ ու տեսանելի լինեն նրանց գործառույթները, այսինքն՝ ճանապարհը պետք է արդեն բաց լիներ, ու անխափան տեղաշարժը կարգավորված լիներ, որն այս պահին չկա: Ինչու՞ չկա՝ դա հարցի այլ կողմն է:

Ինչ վերաբերում է ակտիվ գործողություններին՝ չեմ կարծում, թե միջազգային այն հայտարարությունները, որոնք արվել են մինչ օրս, եղել են ինքնաբուխ, ենթադրելի է, որ մեր ԱԳՆ-ն, որքան էլ անտեսանելի, բայց համենայնդեպս աշխատում է: Աշխատանքի որակի վերաբերյալ կարելի է համաձայնել կամ չէ, բայց որ ասես՝ բացարձակ ոչինչ չի արվում, դա ես երեսպաշտություն եմ համարում: Ցավը բոլորինս է, ու, ես վստահ եմ, որ եթե վաղը կրքերն ավելի թեժանան, հայ ժողովուրդը միասնական ճակատով հանդես է գալու:

– Բազմաթիվ են կարծիքները, որ Լաչինի միջանցքի փակումը ռուսական ու ադրբեջանական կողմի համատեղ ծրագիր է, ու որպես փաստարկ բերում են այն, որ մինչ օրս ռուսական կողմը չի կարողանում հասնել նրան, որ ճանապարհը բացվի: Իրատեսակա՞ն է, որ նման բան լինի, ու ո՞րն է Ադրբեջանի բուն նպատակը:

– Ես դավադրությունների տեսությամբ չեմ առաջնորդվում, բայց ցանկացած վարկած գոյության իրավունք ունի: Ադրբեջանի նպատակը բազմիցս հնչել է իրենց նախագահի շուրթերից. Արցախը՝ Ադրբեջանի կազմում, արցախահայությունը՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես նաև Մեղրիի միջանցքին տիրանալու ձգտում: Լաչինի միջանցքի փակման կլոունադան, որ հիմա տեղի է ունենում «էկոլոգների» մասնակցությամբ, հերթական քայլն է, որով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրելով հասնել իր նպատակներին:

Նկատի ունենալով ընթացող զարգացումները՝ խնդիրն ինչպե՞ս է հանգուցալուծվելու:

– Ճիշտն ասած՝ հանգուցալուծման տարբեր ճանապարհներ կան. արցախցին ունի կյանքի իրավունք, ու այդ իրավունքը պաշտպանելու համար իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները վաղ թե ուշ կարող է կյանքի կոչել, թե դրանից ո՛վ կտուժի՝ ժամանակը ցույց կտա: Իսկ աշխարհաքաղաքական այս մեծ վերաձևումների մեջ, որը տեղի է ունենում արդեն որերորդ անգամ, ու ամեն անգամ այս տարածաշրջանում հայ ժողովուրդն ապրում է իր ողբերգությունը, եթե կարողանանք այս խաղի ընթացքից նվազագույն կորուստներով դուրս գալ, ուրեմն արթուն է ազգի իմաստությունը, բայց հույսներս դնելով միայն մեկ բևեռի վրա՝ տանուլ ենք տալու:

Անհրաժեշտ է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ ի շահ մեր պետության ու ոչ թե որոշակի ուժերի սպասարկման գործոն դառնալու: Համբերել է պետք, խորամանկություն է պետք ու ակտիվ աշխատանք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am