«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացներին Երևանից մասնակցել են 990, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019 մասնագետներ

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների ևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացան հավաստագրեր: Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով ողջունելով դասընթացի մասնակիցներին, հորդորեց կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման:

Նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու, գործընթացներն արդյունավետ ապահովելու և մասնագիտական գիտելիքները հնարավորինս մատչելի դարձնելու այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող մասնագետների համար։

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացները մեկնարկել էին մայիսին առցանց ձևաչափով, որոնց դիմել է ավելի քան 5000 դիմորդ: Դիմորդներից 2000֊ն են անցել ընտրական փուլն ու  հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացներին, ընդ որում՝ Երևանից մասնակիցները 990֊ն էին, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019֊ը: Վկայականներ և մասնակցության հավաստագրեր է ստացել 1009 մասնակից:

Ամբողջ ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 100 ուսանողի համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպել և ֆինանսավորելու է անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում լավագույն 5 մասնակիցները ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում:

ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության և խոհարարության ոլորտներից։

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների վերաբերյալ մանրամասներ ներկայացված են https://www.edu2020.am/ կայքում:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։