Սիգի որսի դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը 24-ժամյա խիստ հսկողություն է սահմանել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա

Աղետալի իրավիճակ. սիգի պաշարները Սևանա լճում կրճատվել են գրեթե 95 տոկոսով, գիտնականները և բնապահպաններն իրավիճակն «աննախադեպ» են որակում
Աղետալի իրավիճակ. սիգի պաշարները Սևանա լճում կրճատվել են գրեթե 95 տոկոսով, գիտնականները և բնապահպաններն իրավիճակն «աննախադեպ» են որակում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:

Կառույցի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«ՀՀ ոստիկանությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ:

Միջոցառումների շրջանակներում գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները, որոնց նպատակն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:

Միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության»: