«Ուղղաթիռի խոցման պատահար. հայ-ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները»

«Ուղղաթիռի խոցման պատահար. հայ-ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները»
«Ուղղաթիռի խոցման պատահար. հայ-ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները»

«Մեդիա կենտրոն»,  Նոյեմբեր 20,  2014թ.: Ադրբեջանական լրատվամիջոցները չեն պատրաստում ադրբեջանցիներին խաղաղության, այլ ընդհակառակ: Ավելին` Ադրբեջանում բազմակարծության դրսևորում չկա: Այսպիսի կարծիք հայտնեց Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն այսօր«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ուղղաթիռի խոցման պատահար. հայ-ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները» խորագրով քննարկման ժամանակ:

Քննարկման մասնակից Կարեն Վրթանեսյանի կարծիքով` ադրբեջանական կողմի համար անընդունելի էր օգոստոսյան միջադեպերին հաջորդող հարաբերական չեզոք վիճակը, և նրանք պատրվակ էին փնտրում, որ նորից գնային էսկալացիայի:

«Ադրբեջանում հստակ գնում է քարոզչություն հայերի ապամարդկայնացման` դեհումանիզացիայի, որը ցեղասպան տեխնոլոգիաներից մեկն է: Այսինքն հակառակորդին ներկայացնում են, որ նա մարդ չէ, որպեսզի հեշտ լինի արդարացնել խաղաղ բնակչության դեմ կատարված ցանկացած հանցագործություն», – հայտարարեց Վրթանեսյանը:

Ռազմինֆո կայքի համակարգողը հավելեց, որ ադրբեջանական կողմում ապանացիֆիկացիա է անհրաժեշտ, որպեսզի հայատացությունը, որը սրսկվել է 20 տարվա ընթացքում, չեզոքացվի: Պետք է Ադրբեջանում աշխատեն մարդկանց հետ, ինչպես նաև կրթական ու լրատվական ոլորտներում:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող ՎահրամՄիրաքյանը, Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Ռազմինֆո կայքի համակարգող, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը, ինչպես նաև քննարկմանը տեսամիացումով իր կարծիքը հայտնեց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրող, խմբագիր Շահին Ռզաևը:

Քննարկման տեսագրությունը դիտեք այստեղ:

«Ուղղաթիռի խոցման վերաբերյալ հայկական կողմի լուսաբանումը բավարար է, չնայած որ դեպքից մի քանի ժամ հետո շատերը օգտագործեցին կեղծ լուսապատկերներ, տարածեցին կեղծ տեղեկատվություն, բայց մեր փորձագետների ու օպերատիվ միջամտության շնորհիվ՝ լուսաբանումը նորմալ իրավիճակի եկավ: Ընդհանուր առմամբ լուսաբանումն ավելի հավասարակշռված էր օգոստոսյան դեպքերի համեմատ», – ասաց Դավիթ Ալավերդյանը:

Ալավերդյանի դիտարկմամբ` հայկական կողմն ապահովում է պլուրալիզմ, և օրինակ` այստեղ կան լրատվամիջոցներ, որոնք գրել են, որ մեղավոր է հայկական կողմը:

«Առաջին պահին ադրբեջանական լրատվամիջոցներում խանդավառություն էր: Յություբում տեղադրեցին նաև զինվորի հեռախոսով նկարած մի տեսանյութ, իսկ հետո կարծիքները տարանջատվեցին. ոմանք ասում էին` դիրքերի ու զինվորի դեմքը ցույց տալը ռազմական գաղտնիքի բացահայտում էր, իսկ մյուսները` գովում էին ու ասում, որ ազգը պետք է իմանա իր հերոսներին: Եվ քանի որ Պաշտպանության նախարարությունը տարածել է զինվորի անունը, լրատվամիջոցները նույնպես արեցին դա, բայց դա տևեց 2-3 օր», – տեսամիացումով իր կարծիքը հայտնեց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ, լրագրող, խմբագիր Շահին Ռզաևը:

«Ոչ բոլոր ադրբեջանցիներն են այնքան արյունարբու, ինչպես նրանց ներկայացնում են: Մենք սիրում ենք նույն երաժշտությունը, ուտում նույն տոլման, երկրպագում նույն ֆուտբոլային թիմերին: Կուրորեն մի´ հավատացեք այս քարոզչությանը», – հավելեց Ռզաևը:

Դավիթ Ալավերդյանը նշեց, որ Շահին Ռզաևի նման լրագրողները գնալով քչանում են, ու ավելանում է ագրեցիան, սակայն հայկական կողմը պետք է հիշի, որ «պատերազմական հռետորաբանությունը կարող է բերել արկածախնդրության, իսկ այս պահին մեզ պատերազմ անհրաժեշտ չէ»:

Բանախոսի համոզմամբ` անհրաժեշտ է լրագրողներին պատրաստել ճիշտ լուսաբանելու իրավիճակը, որը լարված է ու հավանաբար ավելի լարվելու է:
«Ադրբեջանական կողմից էլ չէին կողմնորոշվում՝ ինչպես լուսաբանել. օր օրի փոխվում էր լուսաբանումը: Մի բառով կարելի է բնորոշել՝ ապատեղեկատվություն», – ասաց Վահրամ Միրաքյանը: