Աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը չէ, շրջանառվող լուրերը կեղծ են․ պարզաբանում

Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին պարզաբանում է ներկայացրել Լոռու մարզպետի աշխատակազմը։

«Կեղծ լուրերը շրջանառող օգտատերերին և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից և ստեղծված իրավիճակում չառաջացնել ավելորդ խուճապային տրամադրություններ:

Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը:

Նա նշել է, որ հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում՝ առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել։

«Մայիս ամսին, ներառյալ մայիսի 26-ը, ՁորաՀԷԿ-ի շահագործումն իրականացվել է առանց ընդհատումների, ինչը նշանակում է, որ վթարային ջրբացթողումներ չեն եղել։

ՁորաՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարի տարողությունը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 20 հազար խմ, ինչն անհամադրելի է գետի վարարած հունով հոսող ջրի ծավալի հետ և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա»,- ասել է նա։

Ինչ վերբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում»,- ասված է պարզաբանման մեջ: