Երևանում վճարովի ավտոկայանատեղերի վճարը 2021-ին չի թանկանա. Fip.am

Համացանցում քննարկումներ են ծավալվել, որ ավտոկայանման վճարները բարձրացվում են աստղաբաշխական գների՝ տարեկան 12,000 դրամից դառնալով 300,000 դրամ։ Միաժամանակ տարածվում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի փոփոխության այն դրույթը, ըստ որի՝ վճարը մեկ տարվա համար սահմանվում է 300,000 դրամ՝ նախկին 100,000 դրամի փոխարեն։ 

Քննարկման մասնակից շատ օգտատերերի համար անհասկանալի է, թե ի՞նչ 100,000 դրամ վարձավճարի մասին է խոսքը, եթե վճարովի ավտոկայանատեղերի տարեկան տեղական վճարը 12,000 դրամ է սահմանված։  

Նշենք, որ քննարկումների առիթը հունվարի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված  «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքն է, որով որոշվել է, որ Երևանում «կարմիր գծերը» կպահպանվեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը: Սահմանվել է նաև ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ է ենթադրում օրենքում սահմանված փոփոխությունը, ըստ որի՝ «100,000» թիվը փոխարինվել է «300 000» բառով։  

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում վճարովի ավտոկայանատեղերի վճարը 2021-ին չի թանկանա

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական վճարի վճարման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ վճար վճարողների իրավունքներն ու պարտականությունները, վճարի դրույքաչափերը, վճար չվճարելու համար պատասխանատվությունը և այլն։

Այսպիսով՝ օրենքով նախատեսում է վճարի առավելագույն շեմը, որի սահմաններում էլ  համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ սահմանում է ավտոկայանատեղի վճարների բուն դրույքաչափերը:

2011 թվականին ընդունված օրենքով տարեկան վճարի առավելագույն շեմը սահմանվել էր 100,000 դրամ, իսկ նոր փոփոխված տարբերակով այն դարձել է 300,000 դրամ։  

Երևանի ավագանին վճարովի ավտոկայանատեղերի տարեկան տեղական վճարը օրենքի ընդունումից հետո ամեն տարի բյուջեով սահմանել էր 12,000 դրամ։ 

2021 թ. համար Երևանի ավագանին ևս վճարովի ավտոկայանատեղերի տարեկան վճարը թողել է նույնը՝ 12,000 դրամ։ 

Արդյո՞ք Երևանի ավագանին 2022 թվականից հետո կորոշի թանկացնել վճարովի ավտոկայանատեղերի տարեկան վճարը՝ հատկապես, որ այն գործելու է միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, դեռ վաղ է ասել։ Հատկանշական է, որ «կարմիր գծերի» օրենքի փոփոխության համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դեռևս օրենքի առաջին ընթերցման ժամանակ հայտարարել էր, որ Երևանի ավագանու որոշումն է ավտոկայանատեղերի վճարների սակագների փոփոխություն չկատարել այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում չի ներդրվել նոր տրանսպորտային ցանց: 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տարեվերջին տեղեկացրել էր, որ համայնքային բյուջեով ձեռք են բերվել 100 նոր հանրային ավտոբուսներ, որոնք կերթևեկեն արդեն 2021-ի հունվարի երկրորդ կեսից։ Ըստ նրա՝ համայնքային միջոցներով մրցույթ է հայտարարվել նաև ավելի մեծ տարողության՝ 8․5 մետր երկարության 161 հատ ավտոբուսների գնման համար: 

Այսպիսով, հանրության շրջանում քննարկվող հարցը, թե ավտոկայանման վճարները դարձրվում են «աստղաբաշխական», իրականությանը չի համապատասխանում։ Գոնե 2021 թ․-ի համար Երևանի բնակիչները Կենտրոն և Արաբկիր համայնքներում «կարմիր գծերում» մեքենան կայանելու համար տարեկան կվճարեն առաջվա պես՝ 12,000 դրամ։ 

Նելլի Լազարյան

Fip.am