Կապանի համայնքապետը հանդիպել է քաղաքի ինքնապաշտպանությանը մասնակցած ջոկատների հրամանատարների հետ

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի անվտանգության գծով տեղակալ Մեսրոպ Արզումանյանը հանդիպել են Կապանի ինքնապաշտպանությանը մասնակցած ջոկատների հրամանատարների հետ։ Այդ մասին տեղեկացնում են համայնքապետարանից։

Համայնքի ղեկավարը՝ հրամանատարների գլխավորությամբ, իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր այն տղաներին, ովքեր առաջինը արձագանքեցին և ձեռնամուխ եղան Կապան համայնքի սահմանամերձ գյուղերի և Կապան քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու գործընթացին։

Գ․ Փարսյանի խոսքով, չնայած նրան, որ արդյունքը առանձնապես մեզ ցնծալու առիթ չտվեց, բայց և պատկերը իր համար գոհացուցիչ էր այնքանով, որ Կապանն ունի նման արժանապատիվ, պատվախնդիր, օրհասական պահին կազմակերպչական հմտություններով օժտված, միասնական, քաջ ու անձնուրաց նվիրված տղաներ։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը նաև ներկաներին մանրամասն ներկայացրեց ինքնապաշտպանությունը սկսելուց առաջ և հետո մեր սահմանների հետ կապված զարգացումները և ընդհանուր պատկերը, ինչպես նաև խոսեց առաջիկա անելիքների և ծրագրերի մասին։