Հունվարի 24-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձ

Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թվ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի
/Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից:

Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է:
Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:

Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի/Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/ և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում: