«Դավիթ Տոնոյանը խոստովանում է, որ պատերազմի ժամանակ շունը տիրոջը չի ճանաչել»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարզացրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ չի հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։

Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է, որ 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնացել ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվել են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։

Պարզ լեզվով ասած, Դավիթ Տոնոյանը խոստովանել է, որ պատերազմի ընթացքը ղեկավարելիս շունը տիրոջը չի ճանաչել, ով ինչպես պատկերացրել, այնպես էլ ղեկավարել է թե՛ պատերազմը, թե՛ բանակը, որի արդյունքն արձանագրված աղետն է։

Սա իսկապես շատ կարևոր արձանագրում է և հաստատում է իմ այն դիրքորոշումը, որ գործող սահմանադրությունը պարզապես պատուհաս դարձավ մեր պետականության և երկրի անվտանգության ապահովման համար։

Գործող սահմանադրության ճարտարապետները մեր պետության վզին փաթաթեցին մի փաստաթուղթ, որը խաթարեց պետական կառավարման համակարգը, իսկ այն կիրառողներն ու այդ սահմանադրությունից օգտվողները, ինչպես խոստովանում է նախկին նախարարը, պարզապես չկարողացան միմյանց մեջ պարզել սեփական իրավասությունների շրջանակը։

Այս խոստովանությունը հավաստում է նաև այն իրողությանը, որ պատերազմը տանուլ տալու պատճառներևից մեկն էլ եղել է ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը։

Մեկ անգամ ևս պնդում եմ, որ այդ փաստաթուղթը պետք է նետել պատմության աղբանոցը՝ համոզմամբ, որ այն ճգնաժամեր ստեղծող և ոչ թե հաղթահարող սահմանադրություն է։

Գործող սահմանադրությունն ու խորհրդարանական կառավարման համակարգն ապացուցեց իր անկենսունակությունը և չդիմացավ քաղաքական այն փորձությանը, որի միջով անցնում է այսօր մեր երկիրը:

Համոզված եմ, որ պետականաշինության ներկա փուլում, ելնելով երկրում պետական կառավարման արդյունավետության բարձրացման հասարակական պահանջից, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, կամ անցում կատարել նախագահական ուժեղ համակարգի, որտեղ, միաժամանակ, ժողովրդավարության երաշխավորի դերակատարությունը կստանձնեն օրենսդիր իշխանությունն ու տեղական ինքնակառավարման ինստիտուտները»: