Վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։ 

Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 

1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։ 

1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։ 

1982-1991թթ․  աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։ 

1991թ․ նշանակվել է նորանկախ Հայաստանի Կապի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 1998թ․։ 

1988թ․ Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժմանը։ Մասնավորապես՝ գործուն մասնակցություն է ունեցել 1988թ․ մարտին ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն։ 

Կապի նախարարի պաշտոնում Գրիգոր Պողպատյանի գործունեության արդյունքում՝ 

–        Հայաստանի համար ստեղծվել է արբանյակային ուղիղ կապի միջոցով միջազգային կապի հնարավորություն,

–        Վերազինվել են  հեռախոսակայանները, հեռագրային ցանցը, փոստային ծառայությունները,

–        Ամերիկյան TWT ընկերության հետ համատեղ հիմնադրվել է ԱրմենՏել ընկերությունը, ներդրվել են ծառայությունների նոր տեսակներ` փեյջեր, բջջային կապ,

–        Ստեղծվել է Ինֆոկոմ ընկերությունը,

–        Հայաստանը ներգրավվել է հեռահաղորդակցության միջազգային կառույցներում,

–        Կազմակերպվել է 1996 թվականի Երեւանում Շախմատի համաշխարհային 32-րդ Օլիմպիադայի եւ ՖԻԴԵ-ի 97-րդ Կոնգրեսի տեխնիկական ապահովումը,

–        Ստեղծվել եւ թողարկվել է ՀՀ առաջին նամականիշը։