Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպք

ՀՀ ՊԵԿ ամենօրյա հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է  առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու հերթական դեպքը։

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի քննությամբ պարզվել է, որ  Կ.Մ-ն, Ս.Մ-ն և Ա.Մ.-ն, շրջանցելով «ՀՀ տարածք դեղեր, դեղանյութերի, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումները, ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից և եվրոպական տարբեր երկրներից ձեռք են բերել մեծ քանակությամբ ՀՀ-ում պետական գրանցում չունեցող և ունեցող, տարբեր անվանումների դեղեր՝ ներմուծելով Հայաստանի Հանրապետություն։ 

Վերոնշյալ անձինք այնուհետև ձեռնամուխ են եղել այդ դեղերի իրացմանը, ինչը կազմակերպել են իրենց հետ իրավաբանորեն կապ չունեցող տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների անվամբ գրանցված դեղատներից՝ կանխիկ գումարով վաճառքի ձևով, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման։ Արդունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ և տարաբնույթ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են դեռևս չվաճառված  դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված տարբեր տեսակի դեղեր, որոնք, համապատասխան ընթացակարգի պահպանմամբ,  ճանաչվել են իրեղեն ապացույց և պատասխանատու պահպանման են հանձնվել ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ձեռք են բերվել նաև ելակետային տվյալներ՝ շրջանառության թերհայտարարագրման վերաբերյալ:

Կատարված հարկային համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 41.600.000 դրամի վնաս, որը քրեական գործի նախաքննության ընթացքում  ամբողջությամբ վերականգնվել է պետական  բյուջե:

Պետական եկամուտների կոմիտեն վստահորեն շարունակում է պայքարը  ստվերային տնտեսությունը կրճատելու, հարկային իրավախախտումների և հանցագործությունների  բացահայտման ուղղությամբ և հորդորում հարկ վճարողներին գործել բացառապես օրենքի դաշտում: 

Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։