ԱՄՆ Պետքարտուղարը և Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կոչ են արել ազատ արձակել Նավալնուն. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան կոշտ քննադատության են ենթարկել ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու պայմանական ազատազրկումը իրական ազատազրկմամբ փոխարինելու մասին ռուսական դատարանի որոշումը: Ըստ այդ որոշման, Նավալնին ազատազրկման վայրում պատիժը կկրի երկու տարուց ավելի:

Մասնավորապես, ԱՄՆ Պեպտքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է դատարանի կայացրած որոշմամբ և կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնուն:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը նույնպես անդրադարձել է ռուսական դատարանի որոշմանը և կոչ արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան:

Նավալնուն ազատ արձակելու մասին հայտարարություն է տարածել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը: Նախարար Դոմինիկ Ռաաբը «արատավոր» է որակել դատարանի որոշումը և նշել է, որ դա ցույց է տալիս Ռուսաստանում մարդու հիմնարար իրավունքների խախտումների մասին:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը իր հերթին քննադատել է արևմտյան դիվանագետների նման վարքագիծը: «Նման հայտարարությունները չպետք է դիտարկել դատարանի այսօրվա որոշման համատեքստում միայն: Դա մի շարք քաղաքական իրադարձությունների ամբողջական շղթա է», -հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: