ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարության ներկայացուցիչները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը:

Արմեն Գրիգորյանը  և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: