«Բանակցային գործընթացը շատ բարդ է լինելու սկսել. Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումները և ավելին, հանդես է գալու առավել նպաստավոր դիրքերից». Մարգարով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը

– Պարոն Մարգարով, այսօր իր ասուլիսում վարչապետը հիշեցրեց հիմնականում հանրապետականների կողմից 2018-ից շրջանառվող հայտարարությունը, որ՝ «Նիկոլը հողերը հանձնելու է»։ Վարչապետն ասաց, որ նրանք կամ մարգարե են, կամ էլ գիտեին, որ փուլում է կանգ առել բանակցային գործընթացը։ Դուք՝ որպես այդ գործընթացը դիտարկած մասնագետ, ի՞նչ եք կարծում, գործընթացն իսկապե՞ս կանգ էր առել այդ կետում։ 

– Մարգարե լինել պետք չէ ենթադրելու, որ քաղաքական թիմը, որը գալիս էր 2018-ին, անվտանգային ոլորտում իր դիրքորոշումներով տարբերվում էր այն թիմից, որը եղել էր իշխանության մինչև 2018 թվականը։ 

Այսինքն՝ այն, որ ոչ մեկը չէր ուզում հանձնել, կարծես հասկանալի էր, բայց չհանձնելու համար անհրաժեշտ էր ունենալ համապատասխան հմտություններով, ունակություներով օժտված, բանակցային գործընթացին ծանոթ մարդ։ 

Ելնելով իշխանության թիմի ներկայացուցիչների տարբեր հայտարարություններից՝ նրանց գործողություններին ու ծրագրերին գնահատական տվող քաղաքական գործիչները ենթադրում էին, որ նոր իշխանությունները չեն կարող պահպանել այն իրավիճակը, որը եղել էր մինչև 2018 թվականը։ 

Ինչպե՞ս՝ դա այլ հարց է։ Բայց այս հարցում մարգարե լինելու կարիք բացարձակապես չկա, մարդիկ, գործիչները պարզապես վերլուծում էին իշխանության եկած թիմի տրամադրությունները, դիրքորոշումները, նախկին հռետորաբանությունը և այլն։ 

– Ենթադրությունները ի՞նչ հիմք ունեին, ինչի՞ հիման վրա էր նման պնդում արվում։ Վարչապետն էր, որ հայտարարեց` Արցախը Հայաստան է և վերջ։

– Այո, դա ավելի ուշ ժամանակաշրջանում էր, բայց մարդիկ մտավախություններ ու գնահատականներ ունեին դեռևս 2018 թվականի սկզբին՝ հղում անելով իշխանության եկած թիմի դիրքորոշումներին։ 

Այնքան պարզ է, որ ցանկացած իշխանության եկած ուժ կամ մարդ չէր կարող հայտարարել, թե ինքը հանձնում է հողերը կամ այս կամ այն կերպ չի պաշտպանելու Արցախի ինքնորոշումը։ 

Բայց մարդիկ, որոնք հայտարարում էին, թե Փաշինյանի իշխանության գալը կարող է սկիզբ դառնալ Արցախի հարցում իրավիճակի վատացմանը, իրենց գնահատականը կառուցում էին հենց Փաշինյանի նախկին դիրքորոշումների հիման վրա։ 

Ճիշտ է, Փաշինյանը եկավ իշխանության, և նրա հռետորաբանությունը մի փոքր փոխվեց, որովհետև երևի նա ավելի մոտիկից ծանոթացավ բանակցային գործընթացին։ Դրանից հետո նա ասաց, որ բանակցային գործընթացը կարող է ունենալ խնդիրներ, և մենք տեսանք, որ խնդիրները եղել են ոչ միայն բանակցային տեսանկյունից, այլ նաև գործնական տեսանկյունից։ 

– Պարոն Մարգարով, ըստ ձեզ՝ 2018-ից առաջ բանակցային գործընթացում չի՞ եղել այսպես ասած «տարածքների հանձնման» տրամադրվածություն։ 

– Հայկական կողմը հայտարարում էր, որ բավարարված չէ մինչև սեպտեմբերի 27-ը եղած ստատուս քվոյով այն պարզ պատճառով, որ անհրաժեշտ է ձգտել նրան, որ դե ֆակտո գոյություն ունեցած պետությունը ստանա դե յուրե կարգավիճակ։ 

Այս տեսանկյունից Հայաստանում ստատուս քվոն ոչ մեկին, հատկապես իշխող էլիտաների մեջ չէր բավարարում։ Ինչպե՞ս դրան կարելի էր հասնել։ 

Դա է եղել հիմնական առանցքային հարցը, որի շուրջ կայացել է բանակցային գործընթացը, առաջարկվել են լավ տարբերակներ, վատ տարբերակներ, որոնք հանրության շրջանում տարբեր ընդունելություն են գտել։ 

Փոխզիջումայինն է միշտ եղել այն հիմքը, որով ծավալվել են բանակցությունները։ Իսկ փոխզիջումային տարբերակի մեջ դիտարկվել է 5+2 տարբերակը, բայց դա վերջնական ամրագրում չուներ, և բանակցային գործընթացը դեռ շարունակվում էր։

– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների շարունակումը։ Տեսակետ կա, որ պետք է չեղյալ համարել ՀՀ վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների միջև ստորագրված համաձայնագիրը։ 

– Ստորագրությունը հետ վերցնելու մասին հայտարարությունները անլուրջ են, ես նույնիսկ հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ։ 

Փաստաթուղթը կա, այն է, ինչ ունենք տվյալ պահին, և բանակցությունները ստիպված ենք լինելու շարունակել հենց հիմա առկա կետից։ Ես շատ ռեալիստ եմ։ Մեզ համար տվյալ պարագայում բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցն է դրվում՝ ըստ հայտարարությունների։ 

Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքորեն չի փոխվել, փոխվել է իրավիճակը այն տեսանկյունից, որ հիմա այնտեղ կան ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք, ըստ էության, երաշխիք են, որպեսզի ռազմական գործողությունները մոտ ժամանակներս չվերսկսեն։ 

Ադրբեջանն այս պահին չի տեսնում ռազմական գործողություններ վերսկսելու անհրաժեշտություն, իսկ ստորագրությունը հետ վերցնելը կնշանակի ռազմական գործողությունների մեկնարկ։ 

Ադրբեջանը կարծում է, որ իրենք ստացան այն կարգավիճակի փոփոխությունը, որին իրենք ձգտում էին՝ վերցնելով շատ մեծ թվով տարածքներ։ Արդյունքում Ադրբեջանը ունի ենթադրություններ, որ ունեն տիրապետություն տարածաշրջանի նկատմամբ, ավելին, արդեն երկաթգծի կառուցման պլաններ է նախագծում։ Բանակցությունները, իհարկե, կարող են շարունակվել, բայց ոչ այսօր, վաղը, քանի որ Ադրբեջանը դեռ սպասում է դեկտեմբերի սկզբին, երբ կկարողանան իրականացնել գործողությունները շրջաններում, որոնք անցնելու են իրենց տրամադրության տակ՝ ըստ նշված հայտարարության։ 

Այնպես որ, բանակցային գործընթացը շատ բարդ է լինելու սկսել. պետք է միայն հասկանալ, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումները և ավելին, հանդես է գալու առավել նպաստավոր դիրքերից։

– Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները, ներառյալ՝ Շուշին։ Ըստ ձեզ՝ բանակցային փաթեթում երբևէ Շուշին հանձնելու դրույթ եղե՞լ է, թե՞ դա եղել է պատերազմի ընթացքում Ալիևի նոր քմահաճույքը։

– Այդ հարցը դուք պետք է տաք վարչապետին, ես հստակ որևէ բան չեմ կարող ասել։ Բանակցային գործընթացում այն տարբերակների մեջ, որոնց մասին խոսվում էր երկար տարիներ, և որոնց շուրջ գաղտնիության շղարշ կար, Շուշիի հարց չի եղել։

Խոսքը հիմնականում եղել է 7 շրջանների մասին՝ իր միջանցքներով։ Փոխզիջման տարբերակը դա է ենթադրել։ Բայց նաև կար հարց փախստականների և տեղահանված անձանց վերադարձի հետ կապված։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am