Իմունաթերապիայի դեղամիջոցների հասանելիության ապահովում․Հայկուհի Գեոկչյանը ներկայացրեց իր տեսլականը

Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանները առաջնորդվում են ամերիկյան և եվրոպական ուղեցույցներով, որոնց միջոցով իրականացվում են հիվանդների բուժումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյան, անդրադառնալով ուռուցքաբանության ոլորտում իրականացված աշխատանքներին։

«Վիրահատությունների առումով բավականին առաջընթաց ունենք։ Բոլոր բարձրակարգ վիրահատությունները, որոնք այն ժամանակ կատարվում էին արտերկրում, այսօր մեր վիրաբույժները կարողանում ենք իրականացնել Հայաստանում։

Քիմիաթերապիայի առումով բոլոր դեղորայքների մասնագետները տիրապետում են ուղեցույցներին, բայց ունենք խնդիր դեղորայքի հասանելիության հետ կապված։Վերջին սերնդի իմունաթերապիայի և թիրախային թերապիայի դեղամիջոցները շատ թանկարժեք են։ Մենք նշանակում ենք այդ դեղամիջոցները հիվանդներին, սակայն ոչ բոլոր հիվանդներն են կարողանում այն ձեռք բերել։ Մեր տեսլականում նպատակ կա հասանելի դարձնել մեր հիվանդներին այդ դեղամիջոցները»,- ասաց Գեոկչյանը։

ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուն նշեց, որ Հայաստանը սերտ համագործակցում է արտերկրի կլինիկաների հետ, ուստի երբ լինում են այնպիսի իրադրություններ, որ ինչ-որ բարձր տեխնոլոգիական սարքավորում հիվանդի բուժման համար հասանելի չի Հայաստանում,  ուղեգրում են նրան արտերկրի կլինիկա։

 «Սակայն 90 տոկոս դեպքերում Հայաստանում կարողանում ենք ապահովել հիվանդի համապարփակ բուժումը։ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր կլինիկաներում կան ուռուցքաբանության ծառայություններ։

Նույնիսկ մարզերում ապրող քաղաքացիները կարող են ստանալ իրենց շրջաններում ուռուցքաբանական ամբողջ փաթեթի ծառայությունը, իսկ պետական պատվերի ամբողջ փաթեթով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հիվանդը կարող է ստանալ և անվճար վիրահատություն, և անվճար ճառագայթային թերապիա, և անվճար քիմիաթերապիայի բազմաթիվ դեղամիջոցներ»,- եզրափակեց Գեոկչյանը։