Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը եւ ռեադմիսիային: Ըստ ամենայնի, այս համաձայնության գլխավոր բաղադրիչը ռեադմիսիան է, որը ենթադրում է անօրինական ներգաղթյալների վտարումը:
Ֆրանսիա է մեկնել Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով հանդիպել է այդ երկրի ներքին գործերի նախարարին եւ քննարկել միգրացիայի խնդիրը: Ֆրանսիան հայկական արտագաղթի ցանկալի ուղղություններից է: Ցանկացած միջոցներով հայերը փորձում են ապաստան գտնել Ֆրանսիայում: Բանը հասնում է նույնիսկ ադրբեջանական անձնագրեր գնելուն, Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններին: Մի խոսքով, խտրականություն չի դրվում միջոցների միջեւ:
Այս մարդկանց, որոնք Ֆրանսիայում կեցության իրավունք չեն ստանում, հայրենիք չեն վերադարձնում ռեադմիսիայի մասին համաձայնագրի բացակայության պատճառով: Համաձայնագրի վավերացումից հետո, ըստ ամենայնի, կառաջանա այդ մարդկանց վտարման հարցը: Իսկ նրանք քիչ չեն: Երեւում է, հենց այս մասին է խոսել Արմեն Գեւորգյանը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հետ:
Եւ նաեւ այն մասին, որ վիզային ռեժիմի դյուրացումից հետո Հայաստանի քաղաքացիների հոսքը դեպի Ֆրանսիա կմեծանա: Առավել եւս, որ Մաքսային միությանը միանալու որոշումից եւ Հայաստանի եվրոպական հեռանկարի բացառումից հետո արեւմտյան երկրներ մեկնելու ցանկություն ունեցողների թիվը մեծացել է: Նրանք հնարավորության են սպասում հեռանալու համար:
Հայաստանի ու Եվրոպայի միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին խոսվում է վաղուց: Եվրամիությունը նույնիսկ ծրագիր է ֆինանսավորել, որն ուղղված է եղել միգրացիայի խնդրի կարգավորմանը: Սակայն ռիսկերը թերեւս մնում են:
Թեեւ Հայաստանում արտագաղթը հիմնականում ռուսական վեկտոր ունի, սակայն արեւմտյան ուղղությունն աստիճանաբար մեծ ծավալների է հասնում: Արեւմուտք հիմնականում մեկնում են ստեղծագործ եւ ազատասեր մարդիկ, ընդ որում՝ հեռանում են վերջնականապես: Եվրոպայում նրանց առանձնապես չեն սպասում, եւ այնտեղ մնալու համար նրանք հաճախ պատրաստ են հանդուրժել նվաստացումներ: Կարդալ ավելին