ՄԻԵԴ դատավորի համար հայտարարված մրցույթին առաջադրվել է առաջին թեկնածուն

ՄԻԵԴ դատավորի համար հայտարարված մրցույթին առաջադրվել է առաջին թեկնածուն
ՄԻԵԴ դատավորի համար հայտարարված մրցույթին առաջադրվել է առաջին թեկնածուն

«Փաստինֆո»-Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթում առաջադրվել է միայն մեկ թեկնածու:

Ինչպես տեղեկացանք Արդարադատության նախարարությունից, առայժմ միակ առաջադրված թեկնածուն Լիզա Ռաֆիկի Գրիգոյանն է:
 
Լիզա Գրիգորյանը 2013թ. մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
 
Ի դեպ, անցած տարի անցկացված մրցույթին Լիզա Գրիգորյանը չէր մասնակցել: 
 
Նախորդ մրցույթի մասնակիցներից նոր մրցույթին մասնակցելու ցանկության մասին մինչ այժմ հայտարարել է միայն իրավաբան Արա Ղազարյանը, ով, հիշեցնենք, նախորդ մրցույթի 3 հավակնորդներից մեկն է: Սակայն, նա առայժմ պաշտոնապես չի դիմել Արդարադատության նախարարությունում գործող մրցութային հանձնաժողովին:
 
Նշենք, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել փետրվարի 17-ի ժամը 18:00-ն: Մրցույթն այս անգամ ևս կանցկացվի երկու փուլով, որոնցից առաջինի ընթացքում կստուգվեն թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, երկրորդում թեկնածուները կպատասխանեն հանձնաժողովի անդամների հարցերին:
 
Հիշեցնենք՝ 2014թ. կայացած մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը չէր հաստատել` կարծիք հայտնելով, թե ընտրված 3 թեկնածուներից մեկի  որակական չափանիշները չեն համապատասխանում ՄԻԵԴ դատավորի չափանիշներին: Այս հիմքով ՀՀ նախագահը չեղյալ էր հայտարարել կայացած մրցույթը: Արդյունքում Հայայստանն ստիպված եղավ նոր մրցույթ կազմակերպել: 
 
Հեղինակ: «Փաստինֆո»