Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

 ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ., Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը: