2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը. Fip.am

2020 թվականը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Նախ, տարեսկզբին բռնկված կորոնավիրուսի համավարակը, ապա՝ Արցախյան պատերազմը։ Հայաստանում գրանցված մահերի թիվը դարձավ վերջին մի քանի տասնամյակում ամենաբարձրը՝ 1988 թվականից հետո, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով զոհվել էր ավելի քան 35 հազար մարդ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիներին Հայաստանում գրանցված մահերի պատճառների օրինաչափությունները և դինամիկան։

2020 թվականի ցուցանիշները

2020 թվականը սկսվեց աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, և չնայած երկրում վարակի տարածման մեծ տեմպերին և մահացության բարձր ցուցանիշին, տարվա առաջին կեսին գրանցված մահերն ավելի քիչ էին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածը կարող եք գտնել այստեղ։ 

Այնուամենայնիվ, կորոնավիրուսից մահացությունների թիվը 2020-ի ավարտին 3513 էր, որից 685-ը՝ «այլ պատճառներով»։ Մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահերի թիվը շուրջ 1050 էր, մինչդեռ համաշխարհային միջինը՝ 300։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը պատճառ դարձավ շուրջ 3500 զոհերի (մինչ օրս հայտնի), սակայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում ներառված են միայն 2291 զոհված զինծառայողներ (և 3405 կորոնավիրուսից մահացած անձիք)։ 

Ընդհանուր առմամբ, վիճակագրական կոմիտեն 2020 թվականի համար հրապարակել է մահվան 35,371 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 35 տոկոսով կամ 9185 դեպքով։ Ավելի բարձր ցուցանիշ, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել էր միայն 1988 թվականին, երբ ըստ գնահատված տվյալների, միայն երկրաշարժը խլել էր ավելի քան 35,000 կյանք (իսկ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 25 հազար)։ Կարևոր է նշել նաև, որ այս ցուցանիշը զգալիորեն կփոխվի՝ զոհված զինծառայողների վերջնական թվի հրապարակման պարագայում։ 

2020 թվականին Հայաստանում գրանցված մահերի բարձր թիվը մեծապես կախված էր արտաքին հանգամանքներից։ Սակայն նույնիսկ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով գրանցված մահերը հանելու դեպքում, նախորդ տարի 2019 թվականի համեմատ մահերն ավելացել են մոտ 4500-ով։ Այսպես, արյան շրջանառության հիվանդությունների պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվն ավելացել է շուրջ երեք հազարով կամ 21 տոկոսով՝ դառնալով 17 հազար նախորդ տարվա 14 հազարի դիմաց։

Ավելացել են նաև շնչառական օրգանների հիվանդություններից գրանցված մահերը՝ 841-ով, և մարսողական օրգանների հիվանդություններից գրանցված մահերը՝ շուրջ 100-ով։

Նախորդ տարիների համեմատ 2020-ին զգալիորեն փոխվել է մահացածների սեռային կազմը։ Ի տարբերություն նախորդող մի քանի տարիների գրեթե հավասար ցուցանիշների (արական սեռի ներկայացուցիչների թիվը 100-200-ով ավելի), 2020-ին մահացած տղամարդկանց թիվը կանանց թվից ավելի է շուրջ երեք հազարով, ինչը առաջին հեթին պայմանավորված է պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների թվով:

2020-ին Հայաստանում մահացել է շուրջ 19,286 տղամարդ և 16,085 կին 2019-ի, համապատասխանաբար, 13,384 տղամարդու և 12,802 կնոջ դիմաց:

2020 թվականին ինքնասպանության փորձ կատարել է 663 մարդ նախորդ տարվա 613-ի փոխարեն։ 2018-ին այս թիվը 605 էր։ Դրա հետևանքով նախորդ տարի մահացել է 183 մարդ՝ 2019-ից 30-ով ավելի։ Նախորդ տարիներին ինքնասպանությունների թվի և օրինաչափությունների վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Մահացությունն ըստ տարիների

Սկսած 1988 թվականից Հայաստանում ամեն տարի գրանցվող մահերի թիվը գերազանցում է 20 հազարը։ Սակայն մահացության թվի կայունությանը զուգահեռ՝ նվազում է երկրի միջին բնակչությունն ու ծնունդների թիվը։ Այսպես, 1988-ին Հայաստանում ծնվել էր 74 հազար երեխա, 89-ին՝ 75 հազար, իսկ 1990-ին՝ 79 հազար երեխա։ Մինչդեռ 1989-1990 թվականներին երկրում մահացության թիվը մոտ 20 հազար էր, երկրի բնակչությունը՝ շուրջ 3․4 միլիոն։ 

Ծնելիության մակարդակը Հայաստանում կտրուկ նվազեց 1998-99 թվականներից սկսած, իսկ 2001-2002 թվականներին այն ամենացածրն է՝ 32 հազար ծնունդ։ Հայաստանում մահացության գործակցի՝ 1000 բնակչի հաշվով գրանցված մահերի թվի աճի հիմնական պատճառներից մեկը բնակչության կազմի փոփոխությունն է՝ ծերացումը։ Այն ուղեկցվում է ծնելիության մակարդակի նվազմամբ։ 

Հայաստանում գրանցված ծնունդները, մահերը և բնական աճը սկսած 1950 թվականից։ 

https://public.flourish.studio/visualisation/5213147/?utm_source=embed&utm_campaign=visualisation/5213147

Made with Flourish

Վերջին մի քանի տարիներին Հայաստանի փաստացի բնակչությունը չի գերազանցում երեք միլիոնը, ինչը պայմանավորված է և՛ բնական աճի ցածր ցուցանիշներով, և՛ արտագաղթով։ Այսպես, 2017-2019 թվականներին ծնելիության և մահացության թվերի թեև տարբերությունը դրական էր, սակայն չէր գերազանցում 10 հազարը։ Իսկ արդեն 2020 թվականին այդ տարբերությունն ամենացածրն էր․ ծնունդների թիվը մահերի թիվը գերազանցում էր ընդամենը 1077-ով։ Սակայն այս ցուցանիշը կարող է դառնալ բացասական՝ ճշգրտվելու դեպքում, քանի որ մինչ օրս ամբողջական չէ պատերազմի զոհերի թիվը։

Այսպիսով, 2020 թվականին արտաքին՝ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով Հայաստանում գրանցված մահերի թիվը հասել է մոտավորապես 1988-ի աղետի պատճառով գրանցված մահերի մակարդակին։

Անի Ավետիսյան

Fip.am