«Ադրբեջանի ներսում կան, որոշակի դժգոհություններ, թե ինչո՞ւ ռազմական գործողությունները չշարունակվեցին մինչև վերջ». Ադրբեջանագետ

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, ադրբեջանական հասարակությունում կարծես առկա է այն տեսակետը, որ Ղարաբաղում իրականում մեծացավ ռուսական վերահսկողությունը։ Նրանց հասարակությունը սկսում է հարցադրումներ անել, որ կարծես Արցախի տարածքները լիարժեք չեն անցել Ադրբեջանին։ Ի՞նչ է կատարվում իրականում։

– Արցախյան հակամարտությունն այն հակամարտությունն է, որ եթե կողքի աչքով նայենք՝ ցանկացած փոփոխություն էլ, եթե ամբողջական չէ, ապա բոլոր ներգրավված կողմերն էլ որոշակի դժգոհություններ միշտ ունենում են։ 

Հասկանալի է, որ այս պահին օբյեկտիվորեն ամենաքիչ դժգոհելու տեղ պետք է ունենան Ադրբեջանն ու Ադրբեջանի բնակչությունը, որովհետև, ըստ էության, փաստացի Ադրբեջանը ռազմական գործողություններով հաղթանակ է տարել։ 

Այլ հարց է, որ այդ հաղթանակը եղել է Թուրքիայի անմիջական ներգրավմամբ, ահաբեկիչների մասնակցությամբ։ Ամեն դեպքում իրենք հասել են իրենց մինիմումին, եթե ոչ առավելագույնին, նույնիսկ մի բան էլ ավելի, ինչ նախատեսում էին ռազմական գործողություններով իրականացնել։

Այո՛, որոշակի դժգոհություններ Ադրբեջանի ներսում կան, որոշակի դժգոհություններ գեներացվում են ընդդիմության կողմից։ Այսինքն՝ հարցադրումներ կան, թե ինչո՞ւ ռազմական գործողությունները չշարունակվեցին մինչև վերջ։ 

Բայց այդ դժգոհությունն այնքան մեծ չէ։ Հասարակության հիմնական զանգվածը, դատելով նրանց տրամադրություններից, լոյալություն է ցուցաբերում իշխանությունների այս քայլի հանդեպ։ Եվ չի կարող խոսք գնալ այն մասին, որ ինչ-որ կրիտիկական զանգված Ադրբեջանի ներսում դժգոհ է։

– Կա տեղեկություն, որ նրանց սպանվածների, անհետ կորածների թվերը կարող են երկրի ներսում դժգոհություն առաջացնել։ Ի՞նչ տվյալներ կան Ադրբեջանի կորուստների մասին։

– Ադրբեջանը, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ այժմ չի հայտնում պաշտոնական տվյալներ։ Այսինքն՝ մինչև օրս Ադրբեջանը որևէ պաշտոնական տվյալ չի հայտնել ոչ սպանվածների, ոչ անհետ կորածների վերաբերյալ։ 

Նրանց մոտ դեռևս տարբեր խոսակցություններ են պտտվում։ Բաց աղբյուրներից շուրջ 1500 սպանված զինծառայող է իդենտիֆիկացվել։ Բնականաբար, այդ թիվը զգալիորեն աճելու է։ Թե վերջնական որքան կկազմի՝ չէի ուզենա գուշակել։ 

Նրանց կորուստների թվում են նաև ահաբեկիչների շրջանում կորուստները, որոնց թվաքանակը շատ բարդ է պարզել։ 

Ես չեմ էլ կարծում, որ երբևիցե հնարավոր կլինի թեկուզ մասամբ իդենտիֆիկացնել նրանց։ Պատերազմի ընթացքում առնվազն երեք ինքնաթիռ ես ինքս եմ տեսել, որ Ադրբեջանից գնացել է դեպի Տրիպոլի։ 

Եվ չի բացառվում, որ դրանով տեղափոխվել են դիեր։ Թռիչք է եղել նաև դեպի Թուրքիա։ Այսինքն՝ չի բացառվում, որ տեղափոխել են սիրիացի ահաբեկիչների դիերը, կամ, ինչու, ոչ, նաև թուրք զինծառայողների դիեր։ 

Այսինքն՝ այս պատերազմի պայմաններում որևէ բան չի բացառվում։ Եթե մինչ այս կար տեղեկություն, որ Թուրքիան անուղղակի աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, բայց ուղղակի աջակցությունից կխուսափի, այս իրավիճակը ցույց տվեց, որ աշխարհում գլոբալ մակարդակով բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ զսպումների մեխանիզմները, որոնք գուցե նախկինում աշխատում էին, վերջին տարիների ընթացքում այլ կերպ են գործում։ 

Եվ փաստացի Թուրքիան հնարավոր բոլոր մասշտաբներով ուղիղ ներգրավվածություն ունեցավ այս ռազմական գործողություններին։ Այսինքն՝ կարող էին նաև ներգրավված լինել Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ։ 

Իհարկե, դա հաստատող փաստական ապացույցներ առայժմ չունենք, բացառությամբ մեկ դեպքի։ Արցախի բնակիչներից մեկն այսօր հրապարակել էր լուսանկար, որում Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմի նահանջից հետո թողել էին սվին դանակ, որն անվանական էր, որի վրա նշված էր Թուրքիայի զինված ուժերի Komando բրիգադի ստորաբաժանման անունը։ Այն հատուկ նշանակության ստորաբաժանում է, այսինքն՝ սա որոշակի ապացույց է։

– Ադրբեջանական հասարակությունը նույնպես կարծես կտրուկ հերքում է Թուրքիայի ու ահաբեկիկչների ներգրավվածության մասին տեղեկությունները։

– Նրանք միշտ փորձելու են դա հերքել։ Ինչպես տեսանք պատերազմի ընթացքում, Ադրբեջանը և Թուրքիան հայելային քարոզչություն էին տանում։ Այսինքն՝ այն, ինչ իրենք էին անում, փորձում էին վերագրել հայկական կողմին՝ ահաբեկիչների ներգրավում, պնդում էին, թե իբր Արցախում Հայաստանն է ահաբեկիչների ներգրավել։ 

Օգնության մասով նրանք հենց առաջին պատերազմից սկսած փորձում էին պնդել, թե Ռուսաստանն է օգնել մեզ։ Պատերազմի ընթացքում Ռուսաստանի փաստացի ներգրավումը անվտանգության ապահովման մասով բացառապես վերաբերում էր ՀՀ տարածքին և որևէ կերպ չվերաբերեց Արցախի տարածքին, բացառությամբ արդեն կրակի դադարեցումից հետո Ադրբեջանի կողմից չբռնազավթված մասում խաղաղապահների տեղակայումը։ 

Այսինքն՝ մինչ այդ Ռուսաստանի որևէ ներգրավման մասին խոսք չէր կարող լինել, բացառությամբ զենք-զինամթերքի մատակարարումից, ինչն արդեն այլ մակարդակի հարց է։ Այսինքն՝ դա չի նշանակում Ռուսաստանի ներգրավում ռազմական գործողություններին։ 

Իսկ Թուրքիայի դեպքում ոչ միայն զենքի ու զինամթերքի մատակարարումն էր ամբողջական ծավալով Ադրբեջանին, այլ նաև անմիջական ներգրավում։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանը չի ստացել Ռուսաստանի զինամթերք, բայց օգտագործում էր նաև բավական մեծ մասշտաբի ռուսական արտադրության զինատեսակներ։ 

Նրանք միշտ էլ փորձելու են հերքել ահաբեկիչների ուղիղ ներգրավման մասին տեղեկությունները՝ նշելով, որ ռազմական գործողություններում հաղթանակի է հասել բացառապես Ադրբեջանի բանակը։ 

Եվ ամեն կերպ փորձելու են հերքել դա պետության մակարդակով։ Իսկ բնակչության համար էլ արդեն հոգեբանական մակարդակով ավելի ձեռնտու է մնալ այն դիրքորոշմանը, որ միայն Ադրբեջանի բանակն է հասել հաջողության, իհարկե՝ Թուրքիայի օգնությամբ։ 

Այդ փաստը նրանք չեն ժխտում, բայց նշում են, որ Թուրքիան քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերել, ոչ թե ներգրավվել է։

-Արդյոք Արցախի խնդրի նմանօրինակ լուծմամբ Ռուսաստանը մեծացնո՞ւմ է իր ազդեցությունը և՛ Արցախում, և՛ նաև Ադրբեջանում։

– Երկու բաղադրիչով այս հարցին պետք է նայենք։ Արցախում, իհարկե, Ռուսաստանն արդեն ունի ուղղակի ներգրավում։ Այսինքն՝ այն տարածքներում, որոնք մնում են հայկական ու ռուսական կողմերի վերահսկողության ներքո, Ռուսաստանն ունի ուղիղ ներգրավվածություն, տեղակայել է իր զորքերը։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը, չեմ կարծում, թե այս պահին կարող ենք նման բանի մասին խոսել։ Թուրքիան Ադրբեջանում ազդեցության բավական լուրջ մեծացում ունի, այսինքն՝ Ադրբեջանն աստիճանաբար ավելի է վերածվել թուրքական ազդեցության գոտու։ 

Եվ Ռուսաստանի ազդեցությունն անգամներով զիջում է Թուրքիայի ազդեցությանը։ Իսկ Ռուսաստանի ադեցությունը Ադրբեջանի ղեկավարների որոշ քայլերի ու որոշումների վրա, թեկուզև որպես զսպող մեխանիզմ, կախված է ՌԴ-ի ունեցած կշռից՝ որպես տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկիր և խոշոր խաղացող։ 

Այսինքն՝ օբյեկտիվ իրականությունից է բխում դա։ Եթե Ռուսաստանի կշիռն ու հնարավորությունները նվազեն, ազդեցությունն էլ մի քանի անգամ կնվազի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանը ռազմականապես ինչ կարող է պարտադրել Ադրբեջանին ու Թուրքիային, հիմնական գործոնն այստեղ ռազմական գործոնն է։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am