Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:

Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»: