Արցախում պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

«Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 10-ին դատախազություն էր ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որում ներկայացվել են տեղեկություններ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար,  օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

Հիշյալ հաղորդմամբ ներկայացված դեպքերի կապակցությամբ՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար, սույն թվականի փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության՝  ուղարկվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից: