Երևանում բացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին, Երևանի Գ.Նժդեհի 23/1 հասցեում պաշտոնապես վերաբացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Արցախի կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը, Արցախյան շարժման Հադրութի ակտիվիստներ, Երևանում ժամանակավորապես ապաստանած  Հադրութի բնակիչներ:

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում վերարժևորել են Արցախյան շարժման գաղափարն ու անդրադարձել Արցախ, Հադրութ  վերադառնալու, ինչպես նաև արարումով ու ստեղծագործելով պայքարելու անհրաժեշտությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը հայտնեց,որ խնդրել են Արցախի ԿԳՄՍ նախարարին, որպեսզի Ստեփանակերտում իրենց անկյուն հատկացվի և գործունեությունը շարունակեն Արցախում:

«Մենք վաղ թե ուշ պիտի վերադառնանք Արցախ, իսկ այնուհետև՝ գուցեև նաև Հադրութ»,-ասաց Թամրազյանը:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներն ու ուսուցիչները միջոցառմանը ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, ռազմահայրենասիրական երգ ու պար, ինչպես նաև բռնցքամարտի ցուցադրական պարապմունք: