«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր մասնակցությամբ տեսանյութի, քաղաքապետի ներողության ու դրան հաջորդած մեկնաբանությունների վերաբերյալ ի՞նչ եք մտածում:
– Ակնհայտորեն Ավինյանների ընտանիքում հենց այդ լեքսիկոնով են խոսում, երբ հայտնի օրենսդրական կարգավորումների մասին է խոսք լինում, կամ տանը քննարկում են։ Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, թե այդ ընտանիքում հասարակության որոշ շերտերի մասին ի՛նչ վերաբերմունք կա․ Opel վարողը «համբալ է կամ գյուղացի ինչ-որ մեկը», որը պատահաբար հայտնվել է Երևանում, սա ՔՊ-ականների մտածողության արգասիքն է։ Ինչքան էլ Տիգրան Ավինյանը ներողություն խնդրի, թեև չէր էլ կարող չխնդրել, դա նվազագույնն էր, ինչ կարող էր անել։
– Բայց կարող էր և չխնդրել, չէ՞, որովհետև, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը իր մոր պահվածքի համար, որը ևս բուռն քննարկումների տեղիք տվեց, ներողություն չխնդրեց, թքեց քաղաքացու վրա, բայց շարունակեց զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը։
– Այո՛, բայց գոնե Ավինյանը ներողություն խնդրեց: Հիմա գամ ավելի խորքային հանգամանքներից․ երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտնվեց մի սկանդալի կիզակետում, դա հանգուցալուծվեց նրա հրաժարականով, որովհետև կան իրադարձություններ քո կամ ընտանիքիդ անդամների հետ կապված, որոնք զուտ ներողությունով հնարավոր չէ հանգուցալուծել: Սա այդ դեպքերից է, ու ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ պարոն Ավինյանը հրաժարական տա։
Հիմա, եթե համեմատենք Ալեն Սիմոնյանին ու Տիգրան Ավինյանին, ապա համեմատության եզրեր չկան այս պարագայում արդեն՝ ի վնաս Ալեն Սիմոնյանի, որովհետև նա ոչ միայն ներողություն չի խնդրում, այլ նաև հոխորտում է, թքելուց հետո էլ, իմ կարծիքով՝ որպես այդպիսին ներողություն չխնդրեց։
Ավինյանի պահով էլ, ճիշտն ասած, պատրանքներ չունեմ, որ հրաժարական կհետևի, որովհետև այս իշխանությունից էթիկայի նորմեր ակնկալելը, մեղմ ասած, այնքան էլ տեղին չէ։
– Պարո՛ն Սուրենյանց, կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը մարդկանց հենց այդպես էլ ընկալում է, ինչպես բնորոշում են։
– Այո՛, մեկը թքում է, որովհետև համարում է, որ ինքն այնքան անսխալական է, որ իր հասցեին ինչ-որ ռեպլիկ անելու համար պետք է թքել, մյուսներն Opel քշողներին իրենց տանը, ընդհանրապես մտածողութայն մեջ համարում են համբալ։ Բայց եթե շատ խորանանք, իրենց ընտրազանգվածի մեծ մասը հենց գյուղական վայրերի բնակիչներն են, հիմա այդ մարդիկ թող տեսնեն, որ երբ կուրորեն քվե են տալիս այս իշխանությանը, ինչ կարծիք ունեն իրենց մասին։
Բայց մենք այլ դեպքերի էլ ենք ականատես եղել, երբ Հակոբ Արշակյանն ապտակեց սրճարանում իրեն մոտեցած լրագրողին, մյուս պատգամավորը սպառնում էր ականջ կտրել և այլն, այսինքն՝ այս իշխանության համար մարդն արժեք չէ։
– Ասում եք, որ մարդն արժեք չէ այս իշխանության համար, լավատես չեք, որ սրան հրաժարական կհետևի, այդ դեպքում իշխանության այս վարքը զսպող ի՞նչ միջոցներ կան։
– Հասարակություն ու ընդդիմություն՝ զսպող մեխանիզմները սրանք են, որովհետև սրանք բեսպրեդել իշխանություն են, բարոյական, քաղաքական և այլ առումներով արգելակ չունեցող մարդիկ են։ Նման դեպքերում ընդդիմությունը պետք է խիստ հետևողական լինի, որպեսզի հասնի քաղաքական պատասխանատվության ռեալիզացիայի, հասարակությունն էլ չհանդուրժի նման վիճակները։ Սա չունենք առայժմ, բայց դա ստեղծվելու է մի օր, որովհետև մարդկանց համբերության բաժակը լցվելու է։
Ինձ զարմացնում է մեկ այլ բան, որ իշխանություն կոչվող այս մարդիկ հետևողականորեն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց՝ քաղաքակիրթ հեռանալու միջավայրը փոքրացնեն, որովհետև մի օր իրենք հեռացվելու կամ հեռանալու են, հավերժ չեն։ Սրանց վարքագիծը շատ սահմաններ է անցել ու ամեն օր անցնում է, ու դա միայն այս գռեհիկ արտահայտությունները չեն, Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումները, օրինակ՝ ծաղր են հասարակության հասցեին։
– Այս ամենում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անելիք չունե՞ն։
– Մեր դժբախտությունն այն է, որ հեղափոխությունից հետ քաղհասարակության մի զգալի մաս տեղավորվեց իշխանության գրպաններում, ու նոր քաղհասարակության ձևավորման գործընթացը տեղի չի ունենում: Իհարկե ձևավորվում են, բայց դրա համար ժամանակ է պետք, որովհետև այն քաղհասարակությունը, որ կար մինչև հեղափոխությունը մեծամասամբ տեղավորվեց իշխանության գրպաններում։
– Պարո՛ն Սուրենյանց, 2025 թվականի ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հաշվի առնելով առկա վիճակը։
– Շատ ծանր տարի է լինելու, որովհետև ներքաղաքական կյանքում բևեռացումը մեծանալու է, Նիկոլ Փաշինյանի հղած տարեվերջյան ազդակները միայն դրա մասին են խոսում, որ ավելի բևեռացված Հայաստան ենք մենք տեսնելու։ Նա միտումնավոր ամբողջ խաղը կազմակերպում է հասարակության մեջ նոր բարիկադներ ստեղծելու ճանապարհով, որովհետև դրանով մի կողմից հասարակության դիմադրության իմունիտետն է սպանում, մյուս կողմից էլ՝ շատ լավ հասկանում է, որ միայն անտագոնիստական հռետորաբանությունը կարող է պահպանել իր իշխանությունը, իհարկե, դա էլ անսահմանափակ չէ։
Հաջորդ տարի լսելու ենք ավելի թունավոր խոսք, ավելի մեծ անտագոնիզմ, բայց մյուս կողմից՝ հաջորդ տարին կարող է դառնալ նոր որակի ընդդիմության ձևավորման տարի, որը ձեռնոց կնետի իշխանությանը համապետական առաջիկա ընտրություններում։ Տնտեսապես էլ ծանր տարի է լինելու, բայց սա չի նշանակում, որ հասարակությունը դրական տրամադրություններ չպետք է ունենա: Ես շատ կուզեի, որ փոփոխությունների գաղափարի շուրջ համախմբման տարի լինի՝ չնայած դժվարություններին։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am