Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, Ռոմանոս Պետրոսյանը դիմել է մարզպետներին և խնդրել պահպանել բնության հուշարձանները

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, կարևորելով բնության հուշարձանների դերը զբոսաշրջության ոլորտում՝ ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, զբոսաշրջային այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու, ապօրինի օգտագործման դեպքերը բացառելու նպատակով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Գրությամբ նախարարը հայցում է նրանց աջակցությունը՝ հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցներ ձեռնարկել իրենց համայնքներում բնության հուշարձանների պահպանության և դրանց նկատմամբ մարդածին բացասական հետևանքների նվազեցման ուղղությամբ: Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:

Նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք 232 բնության հուշարձան։

Մեկ այլ գրությամբ նախարարը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հուշարձանների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս է կոչով դիմել ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։

«Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում», -նշում են նախարարությունից։