Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային առնչվող քրգործերով 11 հայ զինծառայող է մեղադրվում, մեծ մասը կալանավորված է

Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի դեպքով, որքանով հիշում եմ, 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում․ այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ չի իրականացվում։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա հայտնել է, որ այս պահին սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմից կա շուրջ 600 տուժած անձ, որոնց մեծ մասն այս պահին ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։

Հարցին, թե արդյո՞ք քննության առարկա են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների գործողությունները, ու արդյո՞ք կան վարույթներ, Քյարամյանը դրական է պատասխանել ու հավելել․

«Եթե ճիշտ եմ հիշում, 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել է մեկ վարույթում։ Այստեղ ևս ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։ 11 մեղադրյալ ունենք այս գործերով, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և չորս դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան»։

Քյարամյանը հայտնել է, որ վերոնշյալ վարույթով մեղադրյաները միջին օղակի սպաներ և զինծառայողներ են, բարձրաստիճան սպաներ չկան։ ՔԿ նախագահը նպատակահարմար չի համարել այլ մանրամասներ հայտնելու այս գործերի վերաբերյալ։