Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը

Հեղինակ MediaLab

Սպասարկման այն փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրի, կտուգանվեն տնտեսավարողները: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագիծը: 

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, հետաքրքրվեց՝ այսինքն բաց տարածքներում տուգանքը դառնում է 10 հազար դրամ, իսկ փակ տարածքներում տուգանք չի՞ լինելու:

Փոխնախարարը՝ հիշեցրեց փոխվարչապետի որոշմամբ մայիսի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն: Հետևաբար նախագիծը վերաբերում է  կոնկրետ այդ պահանջին: «Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչև 300 հազար դրամ:

Այսինքն՝ սա վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերվում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, և նրանք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը:

Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե ստուգող մարմինը տեսնում է, որ փակ տարածքում քաղաքացին դիմակով չէ, կարո՞ղ է տուգանել ընկերության տնօրենին՝ հաճախորդի դիմակ չունենալու համար: 

Փոխնաարարը նշեց՝ փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են: Այսինքն՝ սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ: