«Մեղրիի միջանցք» չի եղել, չկա ու չի լինելու

Մհեր Արշակյան

Փաշինյանը մինչև պատերազմի վերջին օրերը հասարակության հետ կարողանում էր խոսել քիչ թե շատ հոդաբաշխ բառերով։ Հիմա կարգին չի կարողանում ասել՝ ի՞նչ նկատի ունի «ճանապարհների ապաշրջափակում» ասելով։ 

Իսկ քանի դեռ չի ասում, տեսնենք, թե ի՞նչ է նշանակում ճանապարհների ապաշրջափակումը: Հայաստանի քաղաքացին Մարգարայի կամրջով կարող է մտնել Թուրքիա, Երասխավանով՝ Նախիջևան, Ղազախով՝ Ադրբեջան ու նույնիսկ Ռուսաստան:

Մենք հիմա էլ Գորիս-Կապան մայրուղով մտնում ենք Ադրբեջան ու դուրս գալիս, այսինքն՝ այդ մի ճանապարհն արդեն իսկ ցույց է տալիս այն ծրագրի իրականացումը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է նախատեսվում, այն տարբերությամբ, որ Գորիս-Կապան մայրուղու ադրբեջանական ճանապարհները չէին էլ փակվել, որ ապաշրջափակվեն:

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ոչ թե բացել փակված ճանապարհները, այլ պայմանավորվել են ապաշրջափակել այդ ճանապարհները: 

Ի՞նչ ապաշրջափակված ճանապարհ կարող է բացել Հայաստանը: Բնականաբար կարող է բացել միայն Օրդուբադ-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Զանգելան երթուղին: Ինչո՞ւ միայն այս ճանապարհը կարող է ապաշրջափակել Հայաստանը:

Որովհետև մնացած բոլոր ճանապարհները շրջափակել են Ադրբեջանն ու Թուրքիան, այսինքն՝ վերջին 27 տարում շրջափակում ասելով մենք հենց միայն դա ենք հասկացել: Այսինքն՝ հայտարարության ոգու իրականացման մասով Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ ճանապարհներ կարող են բացել Հայաստանի համար, քան՝ Հայաստանը նրանց համար։

Եվ երբ ասել ենք, որ Հայաստանը կարող է զարգանալ, վագրի թռիչք արձանագրել շրջափակման պայմաններում, հենց միայն նկատի ենք ունեցել մեր շրջափակված վիճակը: Մենք մեր հերթին շրջափակել ենք Նախիջևանը զուտ մեր կողմից: Ադրբեջանն իր ինքնավար հանրապետություն մուտք չուներ Հայաստանով, ահա ինչու այդ երկու տարածքներն իրար հետ կապվում էին հարևան Իրանով: 

1990 թվականի սեպտեմբերի 10-ին ես գնացքով Երևանից Երասխավանով Նախիջևան եմ մտել ու հասել մինչև Օրդուբադ, որտեղ մոտավորապես 70 այլ հայերի հետ գերեվարվել եմ:

Դա վերջին գնացքն էր, որ Հայաստանից մտավ Նախիջևան: Այդ գնացքի ամբողջական երթուղին այսպիսին էր՝ Երևան-Երասխավան-Նախիջևան-Օրդուբադ-Ագարակ-Մինջևան-Զանգելան-Կապան: Ես չեմ քննարկում՝ պե՞տք է մեզ ճանապարհների ապաշրջափակումը, թե՝ ոչ, պե՞տք է դա անել առանց գերիների ու անհայտ կորածների խնդիրը լուծելու, թե՞ պետք չէ։

Ես միայն խոսում եմ այն մասին, թե ինչ են ենթադրում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի և Մոսկվայում երեկ կնքած եռակողմ համաձայնագրերը։

Փաշինյանը չի ստորագրել Մեղրիի միջանցքի հանձնման որևէ թղթի տակ առնվազն այն պատճառով, որ եթե անգամ նա երազում է Իլհամին նվիրել ամբողջ Հայաստանը ու դրա համար անգամ պատրաստ է գնալ Բաքու, համբուրել Իլհամի ձեռքը և 5 միլիարդ դոլար տալով աղաչել, որ գա ու գրավի Հայաստանը, այդպիսի փաստաթուղթ չկա։

Չկա մի փաստաթուղթ, որում կա Մեղրիի միջանցք ձևակերպում։ Կա Մեղրիի ճանապարհ, որով ուղղակի երթևեկելու են Նախիջևանի ու բուն Ադրբեջանի ադրբեջանցիները։ 

Միջանցքը ենթադրում է այդ ճանապարհով երթևեկողի սուվերենություն այդ միջանցքի նկատմամբ։ Դիցուք, Լաչինի ճանապարհի նկատմամբ մենք որևէ սուվերենություն չունենք։

Դա Ադրբեջանին պատկանող տարածք է, որը վերահսկում են ռուսները, և որով իրավունք ունեն երթևեկելու Արցախի ու Հայաստանի հայերը։ Բայց դա տաջիկին, թուրքին, ռուսին, ադրբեջանցուն, մոնղոլին, տունգուսին, անգոլացուն չի արգելում գալ ու ամբողջ ազգով օրն ի բուն երթևեկել Լաչինի ճանապարհով։

Մի օր գուցե պարզվի, որ Փաշինյանն ամբողջ Հայաստանը բանավոր պայմանավորվածությամբ տվել է Ադրբեջանին, բայց այսօր, այս պահին մենք ունենք միջազգայնորեն ամրագրված մեկ փաստ՝ Մեղրիի որևէ միջանցք չի տրվում Ադրբեջանին, և ադրբեջանցին այդ ճանապարհով երթևեկելու համար մեզ չի վճարելու, ինչպես մենք չենք վճարում Լաչինով երթևեկելու համար։

Մենք ադրբեջանցու համար ապաշրջափակում ենք Մեղրիի ճանապարհը, նրանք ապաշրջափակում են ադրբեջանական Ղազախով Ռուսաստան տանող ավտոմայրուղին։ Այսքան բան։ Եվ եթե Փաշինյանը մի քանի Տիեզերքի մասշտաբները գերազանցող դավաճան է նույնիսկ, ապա ոչ Մեղրիի հարցով։ Ինչո՞ւ։

Որովհետև կա «բարաթ» և այդ «բարաթը» միայն ապաշրջափակման մասին է։ Իսկ ապաշրջափակումը իրավական այլ կարգավորումներ է ենթադրում, որում ավելի մեծ դեր են խաղում մարդասիրությունը և տնտեսական շահավետությունը։

Մհեր Արշակյան

MediaLab.am