ՀՀ ԱԳ փոխնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում:

ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Իրաքյան Քուրդիստանի  նախագահը՝ շնորհավորելով էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը մեծապես կնպաստի քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը:

Երկուստեք ընդգծվել է նաև տնտեսական և առևտրային կապերի խորացման կարևորությունը՝ մասնավորապես զբոսաշրջության և էներգետիկայի, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ոլորտներում:

Փետրվարի 25-ին  Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգին՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության ու գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Երկուստեք կարևորվել է Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների միջև միջմշակութային փոխանակմանը և գործարար կապերի ամրապնդմանը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ գործարար համաժողովների անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը այցի շրջանակներում հանդիպել է նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբատ Թալաբանիի հետ: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի՝ քննարկվել են նաև նորարար կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամիին: Հանդիպմանը ներկա էին ԻՔ խորհրդարանի ազգային և կրոնական փոքրամասնությունների և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի լայն շրջանակ՝ այդ թվում հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև այցով Էրբիլում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: