ԱԺ համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ:

Նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեև կատարվել են որոշ սկզբունքային և խմբագրական փոփոխություններ: Դրանք վերաբերում են բուհերի հավատարմագրման կարգին, կառավարման խորհրդին, բուհերի ինքնավարության ավելացմանը, ռեկտորների տարիքին: Նախարարը նշել է, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այդպես էլ շահագրգիռ կողմերը համաձայնության չեն եկել:

Անդրադառնալով գիտության ֆինանսավորման հարցին՝ հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը հարցրել է, թե Կառավարությունը նպատակադրվե՞լ է օրենքում ամրագրել ֆինանսավորման չափը: Նախարարը պատասխանել է, որ միանշանակ պետք է այն ավելացնել, բայց որևէ բնագավառում օրենքի մակարդակով ցանկալի չէ որևէ թիվ ամրագրել. «Պրակտիկայում կա, երբ ֆիքսվել է թիվ, ու չի կատարվել օրենքը:

Ես ուզում եմ փարատել Ձեր կասկածները. վարչապետի մոտ երկու օր առաջ հանդիպում է եղել, և այդ հարցն ամենաբարձր մակարդակով քննարկվել է: Հստակ առաջադրանք է ձևավորվել, կա ճանապարհային քարտեզ, ու Կառավարությունը լիովին պատրաստ է անել հնարավորը՝ գիտության ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ: Ուղղակի դա պետք է չլինի ինքնանպատակ»:

Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ առաջարկները հիմնականում վերաբերել են բուհերի ռեկտորների ընտրությանը և կառավարման խորհրդի ձևավորմանը:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։