«Պետական կառավարման համակարգին անհրաժեշտ է ժողովրդավարական ռեստարտ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան, ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը գրում է.

«Անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ, և ընդհանրապես անվտանգության հանդեպ հակառակորդի զինված ուժի ցուցադրումը զորավարժությունների, տեղաշարժերի կամ որևէ այլ դրսևորումներով, սպառնալիք է պետության և նրան քաղաքացիների անվտանգության հանդեպ։

ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ ջանքեր գործադրի միջազգային իրավունքի բոլոր նորմերի գործադրման ուղղությամբ՝ միջազգային կառույցներին ներգրավելով։

Ի վերջո այլևս անվիճելի է, որը ցույց տվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որ ռուս-թուրքական համագործակցությունը անգործունակ է դարձրել, չեզոքացրել է, ի չիք է դարձրել ՀՀ-ի անվտանգության մինչ այժմ գոյություն ունեցող համակարգերը։

Ի վերջո պետք է այլևս համոզմունք լինի, որ ՀՀ -ի և նրա քաղաքացիների անվտանգությունը կարող է երաշխավորված լինել պետությունը և նրա քաղաքացիներին պատանդի վիճակում պահող եռակողմ համաձայնագրի շրջանակներից դուրս։

Պետք է անհապաղ , ամենօրյա, ամենժամյա աշխատանք տանել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի անդամ մյուս պետությունների հետ, միջազգային կառույցների հետ, ՀՀ-ի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման միջազգային բաղադրիչների ապահովման ուղղությամբ, զուգահեռաբար դուրս գալ ստեղծված ճահճից և անհապաղ նախաձեռնել զինված ուժերի վերականգնման, վերակառուցման աշխատանքներին՝ դուրս գալով զինված ուժերի այլևս իրեն սպառած խորհրդային և հետխորհրդային անարդյունավետ, հակամարդկային հայեցակարգից։

Իրար հետևից ծագող հրդեհները մեկ առ մեկ հանգցնելու մոտեցումը ուղղակի ոչ միայն անարդյունավետ է, այլև ավելի հյուծող ու հիասթափեցնող, հայեցակարգի բացակայությունը հանգեցնում է անորոշության, անհստակության և անկանխատեսելիության։

Եվ ընդհանրապես պետական կառավարման համակարգին անհրաժեշտ է ժողովրդավարական ռեստարտ»։

Անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ, և ընդհանրապես անվտանգության հանդեպ հակառակորդի զինված ուժի…

Posted by Artur Sakunts on Sunday, March 7, 2021