Ադրբեջանական դիրքից հրազենային կրակոցներ են արձակվել Թաղավարդի բնակելի տների ուղղությամբ

ԱՀ դատախազությունից հայտնում են․

Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։

Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։