«Այո՛, մենակ ենք, բայց վճռական, երբ ասում են՝ վճռական մենակ, դա գիտե՞ք ինչ ուժ է». Կարինե Խոդիկյան

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցազրույցը դրամատուրգ, գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հետ

– Տիկի՛ն Խոդիկյան, Արցախի սահմանին արդեն 9-րդ օրն է՝ թեժ մարտեր են։ Դուք այն անձանցից եք, որ է՛լ ավելի թեժ մարտեր եք տեսել․․․

– Օ, այո՛, մենք դուրս եկանք փողոց մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախության, ինքնության, ինքնուրույնության ճակատամարտը տալու և մինչև այսօր փաստորեն այդ կռիվը տանում ենք։ Ամեն մեկս մեր չափով, մեր տեղում։

– Տարբերություններ, հավանաբար, կան։

– Իհարկե, իհարկե։ Սկսեմ նրանից, որ 90-ականներին չեղած տեղից բանակ էինք ստեղծում։ Մի կողմից կամավորները գնում էին մարտի դաշտ ու ընթացքում սովորում, թե ինչպես պետք է կրակել, սպասում էին՝ սպանեն թշնամուն, զենքը վերցնեն, զենք ունենան, սպասում էին Վրաստանից, այլ տեղերից զենքը գա, հասնի։

Մենք այն ժամանակ կռվում էինք ինքնապաշտպանական բնազդով, և ընթացքում ծնվեց մեր այս օրերի հպարտությունը՝ մեր բանակը։ Այսօր արդեն լսում էի, որ մեր բանակը աշխարհի լավագույն բանակների շարքին կարող է դասվել։ Այնպես որ, այն նույն վախը, տագնապը, որը, բնականաբար, ունենք այսօր և որը պետարազմն է իր հետ բերում անպայման, մի տեղ դատարկ է՝ լցված վստահությամբ։ Մենք ունենք կազմակերպված, սպառազինված, ամենավերջին զենքերով ապահոված, հրաշալի հրամկազմով բանակ։ Սա ամենակարևորն է։

Երկրորդը՝ մեր պատերազմը զուգահեռ գնում էր երկրաշարժի տարիների հետ, հանրապետության կեսը ավերված էր, մի կողմից դագաղներն էին տանում Գյումրի, մարտի դաշտից էլ զոհված ազատամարտիկների դագաղներ էին բերում, տնտեսություն չկար, ամեն ինչ ավերված էր, Հայաստանի կեսը Արցախում էր։

Երրորդը՝ այնպիսի շրջափակում էր Հայաստանում, որ այնպիսի ընթացք է եղել, որ ամբողջ հանրապետությունում մեկ-երկու օրվա հաց է եղել։ Տնտեսական ճգնաժամից բացի, էներգետիկ ճգնաժամը՝ լույս չկար, կապի միջոցներ չկային։

Գիշերներով կանգնում էինք հացի հերթի, սառած, սրթսրթալով, երկու հաց էին տալիս, մեկը բերում էինք տուն, մյուսի կեսը ճանապարհին կարող է տեսնեինք մեկին տայինք, մյուս կեսը մեր վերևի հարևան տատիկին։ 

Հիմա ուրիշ է, իհարկե, բայց համեմատել այն ամենի հետ հնարավոր չէ։ Այսօրվա կռվի տարբերությունը նաև այն է, որ Թուրքիա պետությունն է մեր դեմ կռվում։ 

– Զգո՞ւմ եք, որ Հայաստանը միայնակ է։

– Այն ժամանակ էլ էինք միայնակ, հիմա էլ ենք մենակ և այն օրերին, որ ասում էին՝ վճռական մենակ, այսօր էլ կարող է կիրառելի լինել։ Այո՛, մենակ ենք, բայց վճռական։ Երբ ասում են՝ վճռական մենակ, դա գիտե՞ք ինչ ուժ է։ Դոկտոր Սթոքմանը ասում էր՝ երբ մարդ մնում է մենակ, նրանից ուժեղ մարդ այլևս չկա։ Ա՛յ այդ մենակությունն է, որ մեզ ուժ է տալիս։

Գիտեք՝ Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի մասին շատ ենք լսել՝ դպրոցում, տանը և ամենուր, հոգնել ենք այն բանից, որ աշխարհը մեզ չի լսել, մենք այդ բարդույթից ենք ազատագրվել, անկախությունը, գիտեք, կարելի է հռչակագրով ընդունել, բայց մի դար պահանջվի, որ անկախությունը դառնա քո արյան ավիշը։

Մեր այդ անկախության մի հիմնասյունը դրվում է այսօր, որ մենք համաձայն ենք՝ մենք մենակ ենք և ասում ենք՝ մոտիկ չգաք, մենք մեր կռիվը մինչև վերջ ենք անելու։ Խենթություն է, բայց երբ հնար չի լինում, խենթերն են գտնում այդ հնարը։ Եվ իզուր չէ, որ մեր էպոսի հերոսը ծուռ է։

Ժողովրդական իմաստություն է՝ երբ փոքր ածու ես, երբ աշխարհում մենակ ես, քո վճռականությանը, քո հերոսությանը պետք է ավելանա քո ծռությունը։ Առանց այդ ծռության առաջ չես գնա։ Մենք այսօր այդ ծռության, որը էսօրվա բառապաշարով մեր անկախ գիտակցության, մեր անկախ վարքի հիմնասյունն ենք դնում։ 

– Վարչապետը հայտարարեց, որ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Դուք ինչպե՞ս եք սա հասկացել։

– Այո՛, շատ ճիշտ բնորոշում էր, և օրեցօր ոչ միայն ճշգրտվում, հաստատվում են, այլ նաև ավելի են ընդարձակվում իր ասելիքի սահմանները։ Ես այսօր հարահոսում կարդացի, որ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմն իրենցն է։

Այսօր պատահական չէ, որ Արարատի ստորոտում ամենահինավուրց մի ազգ քաղաքակրթական ու քրիստոնեական այս կռիվն է տալիս ոչ թե Արցախ-Հայաստանի համար, այլ կռիվ է տալիս իր գոյաբանական շարունակության համար։

Թող իրենց փափուկ բազկաթոռներում ընկղմված աշխարհի մեծերն իմանան, որ այսօր իրենց վաղվա օրն է վճռվում, և այդ վաղվա օրը վճռում են մեր 18 տարեկան կյանք չտեսած տղերքը։ Այո՛, այսօր մեր պայքարը դուրս է եկել մեր երկրի, մեր հողի, մեր գոյության ամեն ինչից, մենք աշխարհի համար ենք կռիվ տալիս, վաղվա նորմալ, քաղաքակիրթ աշխարհի։ 

– Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում վերջը։

– Ահ, եթե իմանայի․․․ 94 թվին լավ կռվեցինք, կես ճանապարհին մնացինք, 2016-ին, այո՛, կորուստներ ունեցանք, բայց հետո ասացին՝ մեր ողնաշարը ձգվել է, ու մենք ռևանշի էինք ձգտում։ Կանչեցին, հրամայեցին և կանգնեցրին։ Այսօր երրորդն է։

Պատահական չէ, որ ես այսօր հիշում եմ էպոսը, երբ այսօրվա մեջ հարցեր ես փնտրում, մինչև չիմանաս՝ թիկունքում ինչ ունես, պատասխանը չես գտնի։ Սա մեր Արցախյան գոյամարտի երրորդ հարվածն է։

Երկու անգամ ամեն մեկին մենք նվեր ենք տվել, երրրորդ անգամը էլի ինչ-որ մեկին լսեցինք, մենք ճակատագրական սխալ կանենք։ Մենք երրորդ հարվածը պահելու ենք մերը, մենք պիտի տանք, այն աստիճան, ինչպես ասաց Արայիկ Հարությունյանը, որը այս օրերին դարձել է բոլորիս զորավարը, զինադադարը պարտադրելու ենք։

Իսկ դա կարող ենք անել միայն մեր Սասնա ծռության երրորդ հարվածով։ Այո՛, վերջին հարվածը մերն է լինելու, մենք ոչ մեկին չենք զիջելու։ Այ սա՛ եմ տեսնում։

Մի կարևոր բան եմ ուզում ասել՝ ես ուզում եմ խոնարհվել մեր բուժաշխատողների առաջ, որոնք թիկունքում կյանքեր են փրկում, մեր լրագրողների՝ անկախ ազգությունից, որոնք ապահովում են շուրջօրյա լրատվություն։ Եվ հատկապես պետական լրատվությունը։ Պատերազմի ամենակարևոր հաղթակռվանը գիտեք ո՞րն է, այն, որ վստահում ես քո պետության լրատվությանը։

Եվ միայն այն, որ Ադրբեջանը չի հավատարմագրել լրագրողներ, իսկ մենք ընդունել ենք 100-ից ավելի լրագրող, ցույց է տալիս մեր քաղաքակրթությունների տարբերությունը։ Մենք բաց ենք կռվում աշխարհի առաջ։

Ես նաև հիացած եմ մեր միասնականությամբ, թեկուզ եթե ինչ-որ անկյուններում կան պառակտման կոչեր, հայտարարություններ, ես աշխատում եմ չնկատել դրանք։

Մեր միասնականը, ամբողջականը, մեր բռունցքը այնպիսին է, որ եթե աշխարհը այսօր նոր է գլխի ընկնում, վաղը սարսափելի կլինի։ Իմիջիայլոց, թուրքական ասացվածք է՝ վախեցե՛ք հայերի միասնականությունից։

Մեկ այլ ասացվածք էլ կա՝ երբ թուրքը փախչում է, Ալլահն անգամ կանգնեցնել չի կարող:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am