Չիպավորման մասին խոսակցություներն արդեն տարօրինակ չեն, այլ զավեշտալի են․ Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կորոնավիրուսի թեստ անցկացնելու ժամանակ մարդկանց «չիպավորելու» մասին տարածված խոսակցությունները զավեշտալի է համարում։ Նա յութուբյան իր ալիքով տարածած տեսանյութում հորդորում է քաղաքացիներին լինել ողջամիտ, ամեն վախենալու երևույթներին չհավատալ։

Ինչ վերաբերում է պատվաստման ժամանակ մարդկանց չիպավորելու մասին, Մարտիրոսյանն ասել է․

«Նախ պատվաստանյութը գուցե մեկ տարի հետո ստեղծվի։ Չիպավորման և կոդավորման մասին խոսակցությունները վաղուց կան, ինչպես օրինակ, երբ սոցքարտը ներմուծվեց Հայաստան, ասում էին, որ սա ևս չիպավորման համար է։ Կան արդյո՞ք չիպավորելու հնարավորություններ, կամ հնարավոր է արդյո՞ք մարդու մեջ ռոբոտներ մտցնել, որ նա չիմանա: Այս խոսակցություներն արդեն տարօրինակ չեն, այլ զավեշտալի են, որովհետև ձեզ վերահսկելու համար արդեն վաղուց ավելի հեշտ և էժան գործիքներ կան»։

Նա նաև վստահեցրել է, որ չիպերից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առկա համակարգերից, որոնք անվերահկելի են աշխատում․ «Պետք չէ պարանոիդալ վիճակների մեջ ընկնել»։