«Ռուս զինվորականության ու հայ ժողովրդի շփումը նվազագույնի հասցնելու փոխարեն թույլ են տալու նրանց փողոցներում զինված շրջել». Արա Պապյան

«Ռուս զինվորականության ու հայ ժողովրդի շփումը նվազագույնի հասցնելու փոխարեն թույլ են տալու նրանց փողոցներում զինված շրջել». Արա Պապյան
«Ռուս զինվորականության ու հայ ժողովրդի շփումը նվազագույնի հասցնելու փոխարեն թույլ են տալու նրանց փողոցներում զինված շրջել». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, օրերս ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հայտարարեց, թե Ռուսաստանը հետևություններ է արել Ադրբեջանին վաճառած մեծաքանակ զենքից, դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, և հետագայում մեծ քանակի մատակարարում չի լինի: Նա երկրորդ ռուս պաշտոնյան է, որ մեկ ամսվա ընթացքում նման զղջման խոսքեր է ասում Երևանում: Ի՞նչ է կատարվում:

– Նախ` բնական է, որ Ռուսաստանը նախապատերազմյան քանակի զենք չի հատկացնի Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանի գնողունակությունը կտրուկ անկում է ապրում: Երբ մենք նայում ենք այդ երկրի բյուջեի հատկացումները, տեսնում ենք, որ այդ ուղղությամբ գումարներն էապես կրճատվել են: Երկրորդ հարցն այն է, որ կան զինատեսակներ, որոնք Ադրբեջանն արդեն բավարար քանակությամբ գնել է, և իմաստ չունի դրանից ավելի գնելու:

Երրորդ` երբ ռուս պաշտոնյան ասում է՝ «այդ քանակությամբ զենք այլևս չենք մատակարարի», այս ձևակերպումը բավական անորոշ ձևակերպում է, հետևաբար, վստահություն չի ներշնչում: Ընդհանրապես, որևէ քանակի զենք նրանք չպետք է վաճառեն Ադրբեջանին, որովհետև ռազմավարական դաշնակիցը չի կարող իր դաշնակցի թշնամուն, որը, ըստ միջազգային օրենքի, հանդիսանում է նաև իր թշնամին, զենք վաճառել:

Այնպես որ, այս հայտարարություններով փորձ է արվում որոշակի ազդեցություն բանեցնել հայաստանյան հասարակական կարծիքի վրա: Եվ նրանք փորձում են վնասի վերահսկման քաղաքականություն իրականացնել, որպեսզի շատ չտուժեն: Ռուսները տեսնում են, որ սկսում են տուժել:

– Նրանք հայտարարում են, թե ցավում են, որ Ադրբեջանն այդ զենքը Հայաստանի դեմ կիրառեց: Այսինքն՝ նրանք իրոք չգիտեի՞ն, որ Ադրբեջանն այդ զենքը հենց մեր դեմ է ուղղելու, ինչո՞ւ են այս հայտարարությունները:

– Իրենց գրողներից մեկը՝ Չեխովն ասում է՝ եթե ներկայացման առաջին մասում պատին հրացան է կախված, ուրեմն երկրորդ մասում այն պետք է կրակի: Այսինքն՝ թատերական ներկայացման մեջ պարզ է, որ եթե զենք կա, այն օրերից մի օր պետք է կրակի: Հիմա, եթե զենք են վաճառում Ադրբեջանին, այն էլ` հարձակողական տիպի, մասսայական ոչնչացման տիպի համազարկային զենք, բնական է, որ այն մի օր պետք է կրակեր: Դա հո շքերթի համա՞ր չէին գնում ադրբեջանցիները:

Ընդհանուր առմամբ, Ալիևի խոսքով` 5 մլրդ դոլարի զենք են գնել Ռուսաստանից: Դա Ադրբեջանի ձեռք բերած զենքի 85 տոկոսն է, մյուս 15 տոկոսը բաժին է ընկնում Ուկրաինային, Բելառուսին և Իսրայելին: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեր նավեր, ծովի հետ կապ ունեցող զինատեսակներ, միգուցե մենք կարող էինք մտածել, որ դա մեր դեմ չի կիրառվի: Բայց «Սոլնցեպյոկը», «Սմերչը» ու մյուս զինատեսակներն էլ ո՞ւմ դեմ պետք է օգտագործվեին, եթե ոչ մեր: Ադրբեջանը, եթե ծովը չհաշվենք, ունի չորս հարևան, և ես չեմ կարծում, որ ռուսները մտածում էին, թե այդ զենքը մյուս հարևանների դեմ պետք է օգտագործվեր:

– Այսինքն՝ տեսանելի չէ՞, որ Ռուսաստանի քաղաքականության մեջ այս առումով իրոք փոփոխություն կկատարվի:

– Զենքի վաճառքի առումով ես փոփոխություն չեմ տեսնում, որովհետև եթե վաղը Ադրբեջանը զենքի կարիք ու փող ունենա, Ռուսաստանն այն հաճույքով կվաճառի: Ծավալների մասին չեմ խոսում, որովհետև ծավալները խիստ հարաբերական են: Այստեղ սկզբունքի հարց կա՝ կամ սկզբունքորեն մենք ենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, կամ մենք չենք:

Մնացածը՝ զենքի քանակը և այլն, արդեն ավելորդ հարցեր են: Ես վստահ եմ, որ եթե մենք անգամ փոքր քանակի զենք վաճառեինք Ռուսաստանի դեմ կռվող Ուկրաինային, ինքը մեզ չէր ների: Ժամանակին նրանք շատ կտրուկ հայտարարություն արեցին Բելառուսի հասցեին, որը փորձում էր բեռնատարներ վաճառել Ուկրաինային, որը կարող էր կիրառվել նաև բանակում՝ հրանոթներ տեղափոխելու համար: Բայց դա կրակող ու սպանող զենք չէր, իսկ ռուսները կտրուկ արտահայտվեցին՝ ընդհուպ Լավրովի մակարդակով:

Հիմա, ի՞նչ է փոխվել Ռուսաստանի մեջ, ինչո՞ւ է այդ երկիրը նման քաղաքականություն վարում: Ռուսաստանը գնալով ավելի է մեկուսացվում: Մենք այն քիչ երկրներից ենք մնացել, որ դեռ իր հետ ենք, և ինքը փորձում է մեզ սիրաշահել ու պահել: Բայց ես կոնկրետ հարցեր ունեմ՝ ուղղված Ռուսաստանին: Մենք այդ երկրի հետ էինք և հանուն իրենց տարբեր քվեարկություններ արեցինք Ղրիմի, Երուսաղեմի և այլ հարցերով, հակադրվեցինք Արևմուտքին և ԱՄՆ-ին: Հիմա մենք մեր անկախությունից ի վեր առաջին անգամ զրկվեցինք ամերիկյան օգնությունից: Մեր հարևան Վրաստանը, որը ոչ մի լոբբի չունի ԱՄՆ-ում, 105 մլն դոլար փող ստացավ:

Տեսականորեն մենք դա կարող էինք ստանալ, բայց չստացանք, ուրեմն Ռուսաստանը թող հատուցի մեզ: Թող ասի՝ դուք հանուն ինձ քվեարկեցիք, իմ կողքին եք կանգնած, վնասներ եք կրում հանուն ինձ, ես հատուցում եմ այդ վնասները: Ես կրկնում եմ՝ լավություն պետք չէ, պետք է ընդամենը հատուցի մեր վնասները: Եթե փող չունի, թող 105 մլն դոլարի զենք տա մեզ, ոչ թե վրաներս թիվ գրի ու այդ փողից զենք տա:

– Հետաքրքիր իրավիճակ է, ԱՄՆ-ն առաջին անգամ Հայաստանին զրկեց աջակցությունից, ինչո՞ւ: Հնարավո՞ր է հետագա տարիներին էլ պահպանվի ԱՄՆ-ի այս քաղաքականությունը:

– ԱՄՆ-ն միակ երկիրն էր, որն Արցախին ուղղակի օգնություն էր ցուցաբերում, Արցախին էլ զրկեց այդ օգնությունից: ԱՄՆ նախագահ Թրամփը գործարար է, իսկ գործարարն ընդհանրապես մտածում է փողով: Նրանց չպետք է մեղադրել, ինքն ասում է՝ եղբա՛յր, ձեր իրավունքն է, ոնց ուզում եք քվեարկեք, ոնց ուզում եք ապրեք, բայց եթե դուք իմ դեմ եք քվեարկում, ինձանից փող մի՛ ուզեք:

ԱՄՆ-ն անկախության տարիներին մեզ 2 մլրդ դոլարից ավելի օգնություն է տվել: Անգամ ԱՄՆ-ն աչք է փակել Իրանի հետ մեր հարաբերությունների վրա, մտել մեր դրության մեջ, մեզ նեղը չի գցել: Բայց բնական է, որ այդ վերաբերմունքի դիմաց իրենք ակնկալում էին, որ Հայաստանը գոնե մի փոքր համարժեք քաղաքականություն պետք է վարեր:

– Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվում: Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ է Ռուսաստանն այս քայլն անում:

– Այս հարցին մենք պետք է մոտենանք մի քանի տեսանկյունից: Առաջինը` իրավունքի հարցն է, սա հակաիրավական է, որովհետև որևէ իրավական հիմք չկա բազայից դուրս որևէ ստորաբաժանում տեղակայելու համար, այն էլ` զինված ստորաբաժանում: Սա ոտնահարում է մեր միջպետական համաձայնությունը: Սա ոտնահարում է նաև ՀՀ Սահմանադրությունը, որովհետև ըստ այդմ՝ մենք ինքնիշխան պետություն ենք, ինչը նշանակում է, որ մեր ամբողջ տարածքի վրա գործում են Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ օրենքները:

Սրանով մենք ռուսներին իրավունք ենք տալիս Հայաստանի տարածքում զինված խմբավորումներով ազատ շրջել: Մեր քաղաքացիներին մեր իշխանությունները բռնում ու 10,5 տարի բանտ են նստեցնում, խոսքը Ժիրայր Սեֆիլյանի մասին է, զուտ այն բանի համար, որ մեկն ասում է՝ «այս երկու ավտոմատը ես Սեֆիլյանի համար էի տանում»:

Բա օտարերկրյա զինված խումբը զրահատեխնիկայով, զենքով, կապի միջոցներով Հայաստանում իր համար ազատ պտտվելու է, մենք չգիտենք` ինչ է անելու, և դրա դեմն առնող չկա: Վաղը, եթե այդ նույն խումբը գա ու գրավի մեր զինված ուժերի գլխավոր շտաբը, ի՞նչ պետք է անեն: Պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գա գրավի ու մեկուսացնի մեր պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը, մենք չկարողանանք ընդհանրապես դիմադրել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային: Նման նախադեպ եղել է 1968 թվականին, երբ ԽՍՀՄ զորքերը մտան Չեխոսլովակիա. առաջին բանը, որ արեցին, մեկ քաղաքացիական ինքնաթիռ վայրէջքի իրավունք խնդրեց, թե իբր վթարի է ենթարկվում, թույլ տվեցին:

Մեկ օդանավ զինվոր իջավ, գրավեց օդակայանը, հետո` Չեխոսլովակիայի գլխավոր շտաբը, և վերջացավ, չեխերն ու սլովակներն անգամ շատ ուզելու դեպքում այլևս չէին կարող դիմադրություն ցույց տալ: Վաղը-մյուս օրը մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ նույն Թուրքիան, որի հետ ՌԴ-ի հարաբերությունները լավանում են, չի պայմանավորվի Ռուսաստանի հետ, այդ զորքերը մեր դեմ հանդես չեն գա: Եթե ռուսական ռազմաբազայում զինվորների գործողությունները կանոնակարգելու խնդիր կա, թող պայմանագիր ստորագրեն, մեր ռազմական ոստիկանությունն իրենց կսպասարկի:

Եվ այստեղ մի շատ վտանգավոր պահ կա՝ զինված ռուսաստանցի զինվորի առկայությունը փողոցում կարող է բախման պատճառ հանդիսանալ: Մենք չենք կարող բացառել, որ կենցաղային, գաղափարական, սադրանքի հողի վրա բախումներ կլինեն: Վաղը Թուրքիայից կամ Ադրբեջանից մեկը կարող է մտնել Հայաստան ու այդ զինվորներից երկուսին կրակել ու սպանել, հետո ռուսները մեզ կմեղադրեն: Այդ տակտիկան վաղուց կա: Փոխանակ նվազագույնի հասցվի ռուսական զինվորականության ու ՀՀ ժողովրդի շփումը, նրանց թույլ են տալիս փողոցներում զինված շրջել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am