Վանաձորի դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը մասնակցեց միջազգային փառատոնի

2023 թվականի հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում տասնհինգերորդ անգամ անցկացվեց մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին ներկայացվեց 17 բեմականացում, այդ թվում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը։

Վանաձորի թատրոնը հանդես եկավ հոկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի թատերական գործիչների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը, մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։

Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է:Ներկայացման ներկա էին` Մոսկվայի հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն` Սլավա Ստեփանյանը, թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանը, սցենարիստ Մարիկա Գևորգյանը, Մոսկվայի «Երիտասարդական» թատրոնի գլխավոր ռեժիսոր` մեր լավ բարեկամ Շահեն Իսմայելյանը և «Գտնված երազ» զարգացման կենտրոնի տնօրեն, ռեժիսոր` Մարի Մնացականյանը։