«Հովիկ Աբրահամյանը կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը». Սերժ Սարգսյան

«Հովիկ Աբրահամյանը  կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը». Սերժ Սարգսյան
«Հովիկ Աբրահամյանը կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը». Սերժ Սարգսյան
Հեղինակ MediaLab

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը  ՀՀԿ խորհրդի նիստում

Բարև ձեզ,

Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Այս օրերի ընթացքում ես հանդիպել և զրուցել եմ շատ-շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ-շատերի հետ և լսել, բնականաբար, հավաքագրել եմ շատ-շատերի կարծիքներն ու ակնկալիքները, համադրել եմ դրանք, իհարկե, հանդիպել և խոսել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Եվ այսօր ձեզ պետք է ասեմ հետևյալը.

1. Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը:

2. Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը:

3. Մենք պայմանավորվել ենք նաև մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին: Թվարկեմ մի քանիսը:

ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով:

բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:

գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.

– նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,

– նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,

– նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,

– նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը:

Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:

ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:

Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձևով:

Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին:

***

Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռնություններում: Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ և մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը տաժանակիր աշխատանք է, և բոլոր նրանք, ովքեր նվիրվում են աշխատում, անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից, բոլոր ժամանակների համար միշտ այդպիսի մարդը լինելու է ընկալելի, ընդունելի և հարգանքի արժանի:

Իհարկե, մեր իրականության մեջ գրեթե բոլոր նրանք, ովքեր աշխատել են, այնուհետև կա՛մ անկախ իրենց կամքից, կա՛մ օրենքի պարտադրությամբ հեռացել են իրենց պաշտոններից, ցավոք սրտի, մշտապես իրենց հաջողությունները փնտրում են ներկաների ձախողման մեջ:

Սա շատ վատ հանգամանք է, և կա նաև մի այլ, իմ կարծիքով, շատ պախարակելի միտում. նրանք, ովքեր տարիների ընթացքում կարող էին հասնել լուրջ հաջողությունների, բայց չհասան, տարիներ անց սովորեցնում են ուրիշներին, թե այդ նույն պայմաններում, այդ նույն պաշտոնում ինչպես պետք է աշխատել: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության արդեն նախկին կառավարությունը և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն այդպես չեն վարվելու:

Մենք մեկ թիմ ենք, միասնական թիմ ենք և բոլորիս համար անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, շատ էական է այդ թիմի հաջողությունը: Շատ-շատ շնորհակալ եմ, Տիգրան:

Ի դեպ տեղեկացնեմ, որ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարևոր աշխատանքի, այնպես որ մենք համատեղ աշխատանքը շարունակելու ենք:

Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոստանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում:

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ: