Երեք անշարժ գույք, 250 մլն-ից ավելի ավանդ ու դրա տոկոսներ. Սերժ Սարգսյանն ու նրա դուստրերը` Հակակոռուպցիոն դատարանի առաջ

Օրերս «Ազդարարի» միջոցով հայտնի դարձավ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա երկու աղջիկները ներգրավված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով և ավելին, Սարգսյանները ծանուցագրով հրավիրվել են նախնական նիստի:

Նախնական դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին, դատավոր է նշանակվել Աշխեն Ղարսլյանը։

«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,– ասված էր «Ազդարարում» հրապարակված Սարգսյանների ծանուցման մեջ։

Նշվում էր նաև, որ, ըստ Հայաստանի օրենսդրության, դատական նիստին անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Սարգսյաններից, հայտնի էր, որ անցնում են Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը, և դուստրը՝ Անի Սարգսյանը, որոնք դեռևս 2018-ից մեղադրվում են հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ:

Սակայն ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու նրա դուստրերին, ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այդ մասին մանրամասներ չի ներկայացրել. Սարգսյանների վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի մասին մինչև Հակակոռուպցիոն դատարանի կողմից նրանց ծանուցագիր ուղարկելը հայտնի չի եղել:

«Մեդիալաբը» ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված գրավոր հարցմամբ փորձել է պարզել՝ ո՛րն է Հակակոռուպցիոն դատարան ուղարկած հայցադիմումի առարկան: Պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայցադիմում ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նոր գլխավոր դատախազի պաշտոնավարումից անմիջապես հետո: ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել մի քանի օր անց՝ հոկտեմբերի 13-ին:

«Հայցի առարկայում ներառված են Երևան քաղաքում գտնվող երեք անշարժ գույքեր, առևտրային բանկում գտնվող ավանդներ և ավանդների ներգրավման արդյունքում կուտակված տոկոսներ, ընդհանուրը՝ 277 մլն 714.984 ՀՀ դրամի,  դրամական միջոցների մնացորդ 168 մլն 854.249 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 186 մլն 574.328, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների կամ հնարավոր չի եղել նույնականացնել»,- տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից:

Նաև հայտնել են, որ դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի վրա: «Իրավասու մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվել հայցի ապահովման ուղղությամբ»,- տեղեկացնում են դատախազությունից:

«Մեդիալաբի» բազմաթիվ հեռախոսազանգերին Սարգսյանի փաստաբանները չպատասխանեցին: Այս պահին հայտնի չէ՝ ինչ դիրքորոշում ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանական խումբը:

Մինչ այժմ հայտնի է, որ Սերժ Սարգսյանն անցել է դիզվառելիքի հայտնի քրեական գործով, որի դատավարությունն այժմ շարունակվում է: Ըստ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի` իր կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թ–ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ: Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի անցնում:

Նկատենք՝ այս քրեական գործով Սարգսյանի հետ միասին ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել էին կորոնավիրուսից, և դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am