Նարեկ Մալյան․ Մարգինալ կրկես

Նարեկ Մալյան․ Մարգինալ կրկես
Նարեկ Մալյան․ Մարգինալ կրկես

Ինչ-որ մարդիկ արդեն  տեւական ժամանակ է՝ խնդիրներ են ստեղծում «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի այցելուների և հենց գրասենյակի համար։

Այս մարդիկ գրասենյակը հեղափոխությունից հետո չեն հայտնաբերել, հեղափոխությունից առաջ էլ այն կար։ 

Ուղղակի խոչընդոտողներն այն ժամանակ իշխանություն էին և գրասենյակի քարոզած ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները լուրջ չէին ընդունում։ Որովհետև եթե լուրջ ընդունեին, իրենք իրենց աչքին կդադարեին գոյություն ունենալուց։ 

Այսինքն՝ որտեղ իրենք էին, այնտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն իմաստ չունեին։ Հիմա իշխանություն են կորցրել, հեղափոխությունն իմաստազրկել է Նարեկ Մալյանին, որի արարքները շատերի համար անհասկանալի են։

Երբ ակտիվիստների խումբը հասարակական աջակցություն չի ունենում, այն վերածվում է բանդայի։ Եթե, իհարկե, ի սկզբանե բանդայի տրամաբանությամբ չի ձևավորվել։ 

Ովքե՞ր են գրասենյակի առջև բողոքողները՝ շանտաժի ու դրամաշորթության համար տարիուկես դատապարտված «Անալիտիկ» կայքի տնօրենը, նախկին ոստիկանապետի PR-ի պատասխանատուն, հայտնի, Երևանի նախկին փոխոստիկանապետն է այս խմբի հետ։ Ի՞նչ հաշիվ է իրականում՝ հացի կռիվ։ Նախկինում հացը կար, հիմա չկա։ 

Այսինքն՝ նախկինում Վլադիմիր Գասպարյանը կար, հիմա չկա։ Ու էս փաստի հետ, այո, դժվար է հաշտվել։ 

Ի՞նչ կապ ունի «Բաց հասարակության հիմնադրամները» դրա հետ։ Կապ ունի։ Այն էլ ոնց։ Հիմնադրամը կաթիլ առ կաթիլ ներարկեց ժողովրդավարության գիտակցումը երկրի «ամենադժվար» հասանելի վայրերում։ 

Հիմնադրամը հասնում էր այնտեղ, որտեղ կուսակցությունները չէին կարողանում։ Հեղափոխություն, նոր իրականություն։ Հիմնադրամի արածը չեն ներում։ Չեն ներում նրանք, որոնք ոգևորված են նախկին ոստիկանապետի PR-ի պատասխանատուի մարգինալ կրկեսով։ 

Բայց այստեղ մեկ ուրիշ հարց էլ կա՝ մի քանի օր առաջ էլ «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակը շրջափակածների նման մի քանի հոգի, որոնք նույնիսկ անարդարության զոհ չեն դարձել երբևէ, ընկել էին դատավոր Դանիբեկյանի հետևից։ Նրանցից երկուսին օպերատիվորեն բերման ենթարկեցին։ 

Հիմա նրանք կալանավորված են։ Գուցե կոշտ էր, ըստ ամենայնի կոշտ էր, բայց կալանավորեցին։ Տղերքն աշխատեցին։ 

Դատավոր Դանիբեկյանը հանգիստ կարող է զբոսնել այգում ուշ գիշերով։ Իսկ այս գրասենյակը պաշարածների՞ հետ ոնց վարվենք։ 

Նրանք ազատ խո՞սք են իրացնում։ Եթե դատավոր Դանիբեկյանը Քոչարյան է նստացնում, նրանով կարելի է զբաղվել, չէ՞։ Իհարկե։ Իսկ ինչո՞ւ են միայն դատավորին հետապնդածներով զբաղվում։ Բա «Վետո»-ով ո՞վ պիտի զբաղվի։ 

Թե՞ արդեն մեր կառավարությանը ձեռք չի տալիս քաղաքացիական հասարակության գոյությունը։ 

Թե՞ անպայման որոշ ուժեր պետք է շոյվեն էս ակցիայից։ Ասեք՝ իմանանք։ 

Մարդկանց ահաբեկելը, նկարելը և տեսանյութը ինտերնետով որպես էդ մարդկանց խայտառակություն տարածելը ոստիկանապետի նախկին խորհրդականի հոգեկան աշխարհի մասին լավ բաներ չեն ասում։ 

Եթե հիմա ահաբեկում են, պարզ է չէ՞, որ եթե հանկարծ իշխանություն վերցնեն, ինչպես  կվարվեն։ 

Խնդիրը իշխանության լուծման տիրույթում է։ Թե ինչ կլինի հետո, արդեն այս իշխանության որոշելիքն է։ Եթե հոգու խորքում համաձայն են նրանց հետ, ուրեմն էդ խորքի մի անկյունում արդեն իշխանություն են զիջել։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am