Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին և գրել.
«Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Պաշտոնական հաղորդագրությունից դուրս ինձ հասու է դարձել զրույցի այլ՝ կարևոր մանրամասներ ևս, որոնք հաստատում են, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են ճգնաժամային ռեժիմում։
Այդ հարաբերությունները, ըստ էության, զուրկ են բովանդակային օրակարգից։ Ոչ մի խոսք տնտեսական համագործակցության մասին, ոչ մի բառ ստրատեգիական գործակցության մասին, ոչ մի ակնարկ անգամ անվտանգության և պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համատեղ ջանքերի մասին։
Աներկբա է, որ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը, մեծապես նաև արտաքին ձախողված քաղաքականության հետևանք էր։ Ստեղծված իրավիճակը պետք է դառնար Հայաստանի համար բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականության վերանայման, աշխարհի հետ մեր հարաբերությունները նոր իրողությունների պրիզմայով կառուցելու պատճառ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները վերբեռնման, ինչ-որ իմաստով նոր էջից սկսելու անհրաժեշտություն ունեն։
Բայց դա հնարավոր է միայն մեր արտաքին քաղաքականության հայեցակարգային վերանայման, արտաքին քաղաքականությունը ռուսական վասալությունից ազատելու պարագայում։ Մեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, նոր և իրական դաշնակիցներ ամբողջ աշխարհում։
Արցախյան երկրորդ պատերազմում աղետալի պարտությունից հետո, Հարավային Կովկասում հաստատված ռուս-թուրքական նոր աշխարհակարգի պայմաններում մեր «ռազմավարական» դաշնակցությունը Ռուսաստանի հետ թույլ չի տալիս որևէ նոր դաշնակցի հետ հարաբերության հաստատում։
Մենք դարձել ենք Ռուսաստանի հետ դաշնակցության պատանդը, այդ դաշնակցությունը վերածվել է Հայաստանի զարգացման արգելակի, որն էլ ավելի է սեղմվում Հայաստանի գործող իշխանության վարած անհեռատես ու վախվորած քաղաքականության պատճառով»։