«Հայրենիքի փրկության շարժումը» մերժում է նախագահի կողմից հանդիպման հրավերը

«Հայրենիքի փրկության շարժումը» մերժում է նախագահի կողմից հանդիպման հրավերը: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ որոշումն ընդունել է շարժման խորհուրդը:

Նա նշեց, որ խորհուրդը նաև հայտարարություն է ընդունել, որում հաստատում է իրենց պահանջները՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ստեղծում և արտահերթ ընտրություններ:

«Շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։ Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց Սաղաթելյանը: