Արցախի նախագահի տեսակետն արտահայտելու համար Բորիս Ավագյանը լիազորված չէ, և ՀԱԼՈ Թրաստը շարունակում է աշխատել Արցախում. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ  Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի այն տեսակետը, ըստ որի  չպայթած ռազմամթերքի չեզոքացմամբ զբաղվող ՀԱԼՈ Թրաստ բրիտանական բարեգործական կազմակերպությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը:

«Բորիս Ավագյանն այդպիսի լիազորություն չունի:  Նշեմ նաև, որ անձնական տեսակետն արտահայտելու  հարցում  Ավագյանը կաշկանդված չէ: ՀԱԼՈ Թրաստ  կազմակերպությունը երկար տարիներ աշխատել է Արցախում և առայսօր շարունակում է իր գործունեությունը»,-ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստը հերքել էր լուրերը: «ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում’ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։