Freedom House-ը կոչ է արել ՀՀ կառավարությանը ապահովել իրավապաշտպան կազմակերպությունների անխափան գործունեությունը

Freedom House կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում ապահովել ժողովրդավարական և իրավապաշտպան կազմակերպությունների անարգել գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության մշակած օրինագծին, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն:

«Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն ժողովրդավարական և մարդու իրավունքների կազմակերպությունների, ինչպես նաև քաղհասարակության անարգել գործունեությունը երկրում»,- ասել է Freedom House-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բեհրենդտը: Նրա գնահատմամբ՝ «նման մտահոգիչ զարգացումները միայն կխորացնեն քաղաքական ճգնաժամը Հայաստանում»:

Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբ  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Ըստ դրա՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: