ԿԲ-ն բանկերում ավանդների աճ է արձանագրել

 Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում ավանդների որոշակի նվազումից հետո Կենտրոնական բանկն այս տարի ավանդների աճ է նկատել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահն անդրադարձավ հոկտեմբեր-նոյեմբերին ազգաբնակչության վարքագծի հետ կապված խնդիրներին, երբ ոմանք ավանդերը հանում էին բանկերից:  Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ  ԿԲ-ի հորդորն էր չանել այդպես, քանի որ դրանով վնասում են իրենք իրենց: 

Գալստյանը լիահույս է հանրության և ԿԲ-ի երկխոսության առումով: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել են, այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ, բնականոն մակարդակ և ունենք բանկերում ավանդների աճ»,-ասաց Գալստյանը:

Նա անդրադարձավ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնը թողնելու որոշման պատճառներին: «ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի կիրառումը, որը տոկոսադրույքն է, ապագա գների վրա ազդեցություն ունի: Դա ունի ազդեցություն նաև մի կոմպոնենտի վրա, որը մենք չենք տեսնում, այն շոշափելի չէ, սակայն շատ կարևոր է, դա հասարակության գնաճային սպասումներն են»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա հիշեցրեց, որ դեռ դեկտեմբերին, երբ գնաճը 1.3 տոկոս էր, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով բարձրացնել: «Մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող և դրսևորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո»,-նշեց ԿԲ նախագահն ու հիշեցրեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարին 0.25 տոկոսային կետով բարձրացնելու մասին:

ԿԲ-ում կարծում են, որ գնաճը դեռևս որոշակիորեն կբարձրանա, տեսնում են այդ պոտենցիալը: «Բայց մեր կարծիքով՝ տոկոսադրույքի այս մակարդակը, որն այժմ կա, համապատասխանում է մեր կողմից որդեգրված քաղաքականության թիրախին հասնելու համար:

ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով՝ չի կարող ազդել այսօրվա գնաճի վրա, ուստի ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով. մեր կարծիքով՝ գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու:

Մեր ու հասարակության միջև ձևավորված դիալոգը, որը մենք բավականին դրական ենք գնահատում, մեզ հույս է ներշնչում,որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված,որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս տարի ունենալ այն, ինչը մենք պարբերաբար ունենում ենք»,-ասաց Գալստյանը: