Սանիտարահիգիենիկ նորմերը խախտվել են հացի և չգազավորված խմելու ջրի արտադրամասերում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Արթ-Դավ-Սյուն» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Իջևան) և հայտնաբերել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար: Այստեղ բացակայել է նաև անխափան ջրամատակարարումը, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:

Կասեցվել է նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գործող «Մա-Ակ Տրանս» ՍՊԸ գործունեությունը, որը զբաղվում է չգազավորված խմելու ջրերի արտադրությամբ: Ստուգումը ցույց է տվել, որ այստեղ ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, ներառյալ՝ բացակայել են անձնակազմի համար հանդերձարանը և սանհանգույցը: Այստեղ ևս սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ: