«Աստղիկ» բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի PR մասնագետ Լուսինե Պետրոսյանը հերքեց մամուլում տարածված լուրը, թե ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի է մահացել:
«Տեղեկությունները սուտ են, չգիտեմ ինչպես է նման տեղեկություն տարածվել, այդպիսի բան չկա: Մեր ԲԿ-ում Իրանի քաղաքացի երկկողմանի թոքաբորբով վերջին օրերին չի հոսպիտալացվել և չի մահացել»,- նշեց PR մասնագետը:
Հարցին, արդյոք նմանատիպ ախտորոշմամբ մահվան դեպք գրանցվե՞լ է իրենց հիվանդանոցում, Պետրոսյանը շեշտեց, որ իրենք այդ մասին ոչինչ չեն կարող ասել:
«Այս պահին փորձում ենք տեղեկություններ ճշտել՝ արդյո՞ք այլ քաղաքացի թոքաբորբով մահացել է, թե ոչ: Սակայն վստահաբար հերքում ենք Իրանի քաղաքացու մահվան մասին լուրը»,- եզրափակեց «Աստղիկ» ԲԿ-ի PR մասնագետը: