Նախորդ տարի գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք

Հայաստանում 2020-ին գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի հետ կապված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2020-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 հանցագործության դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի հետ կապված, 160-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորորություններն անցնելու դեպքեր են»,-ասաց Բադասյանը:

Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 2020-ի ընթացքում իրականացված ազդարարումների քանակը կազմել է 140:

«Իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրում» միջոցառման իրականացման նպատակով հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով 2020-ին առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող 34 ընկերությունների կողմից ներկայացվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր: