Արցախ վերադառնալու համար ավելի քան 100 տեղահանված ընտանիք է հայտագրվել

Պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված ավելի քան 100 ընտանիք է գրանցվել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում՝ Արցախ վերադառնալու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, Օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանը՝ հավելելով,որ Արցախ վերադառնալու և բնակվելու ցանկություն ունեցող տեղահանված ընտանիքների հայտագրումը մեկնարկել է դեռևս այս տարեսկզբին:

«Անցյալ տարվա դեկտեմբեր և այս տարվա հունվար ամիսներից առայսօր Արցախ է վերադարձել մոտ 43 ընտանիք, որոնք բնակություն են հաստատել Ասկերանի շրջանի Բադարա և Դահրավ գյուղերում:Մինչ այդ, վերանորոգվել էր համապատասխան բնակֆոնդը»,-մանրամասնեց Վիրաբյանը՝հավելելով,որ տեղահանված բնակիչների հետ կազմակերպվում են նաև ճանաչողական այցեր՝ առաջարկվող նոր բնակավայրերի պայմաններին ծանոթանալու նպատակով: Այնուհետև՝ ազատ տուն գտնելու դեպքում,այն վերակառուցվում կամ վերանորոգվում է և կազմակերպվում է ընտանիքի վերադարձը:

Անդրադառնալով ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի հեռախոսահամարների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հարցին, Միքայել Վիրաբյանը նշեց, որ դրանք կգործեն մինչև այս տարվա ապրիլի 1-ը:

«Անհրաժեշտ տեղեկատվության համար գործարկվելու են նաև 2 հեռախոսահամար՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում և Աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում: Այդ թեժ գծերը հասանելի են լինելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Հավաքագրված տեղեկատվության վերլուծությամբ՝ համապատասխան հանձնարարականները ստանալու ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից»,-հայտնեց  Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը՝ հավելելով,որ առաջիկա օրերին՝ բոլոր խնդիրները կարգավորելուց հետո, կտրամադրվեն նաև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համապատասխան բաժինների հեռախոսահամարները: