Զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում ներկայացրել են քրգործերի քննության հետ կապված դժգոհությունները

Զոհված, անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մասնավորապես իրենց մտահոգությունը, դժգոհությունն ու պահանջը հայտնել ընթացող քրեական գործերի քննության ընթացքի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողներն են դիմել իրեն:

«Ցանկանում են հասկանալ, թե ինչ ընթացք ունեն իրենց որդիների մասով հարուցված քրեական գործերը: Իրենք խորը կասկածներ ունեն, որ հարուցված քրեական գործերի քննություն, ըստ էության, տեղի չի ունենում: Նրանք պնդում են, որ ուզում են ԱԱԾ-ն քննի»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորը շեշտեց՝ կան մի շարք հարցեր, որոնք շատ արագ պետք է քննվեն, ու հարցերի պատասխանները տրվեն: Թովմասյանը նշեց, որ օրինակ ծնողներից մեկը պատմել է, որ իր որդու վիրահատության երկու օրը չանցած առաջնագիծ են տարել: «Ի վերջո պատերազմից արդեն չորս ամիս անցել է, և այդ վերքը թողնում ենք բաց, այս մարդկանց ցավը անընդհատ բորբոքում ենք, ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ ուզում են, որ ԱԱԾ-ն քննի, ապա պետք է ԱԱԾ-ն քննի, եթե զինվորների ծնողները  դժգոհ են քննչական ծառայություններից, կարելի է ընդառաջել: Այդ մարդիկ կորցրել են, մեր երկրին տվել են իրենց ամենաթանկը»,-նշեց նա ու հավելեց՝ ծնողների պահանջն է, որ անպայման հրամանատարների մասով կոնկրետ քննություն տեղի ունենա:

Զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի հայրը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց. «Գործը միտումնավոր ձգձգվում է, որ մենք էլ ծնողներով պառակտվենք, գործը սրբվի, մաքրվի, գնա: Դիմելու եմ անհնարինին, ամենավերջին քայլին»,-ասաց նա:

Ծնողներն իրենց լուրջ դժգոհությունը հայտնեցին որոշ հրամանատարներից: