Միասնաբար, հուսանք, շուտով կտեսնենք այս համավարակի վերջնական նահանջը Հայաստանում. ԵՄ դեսպան

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ՝ COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց:

Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար:

Թթվածնի խտացուցիչների հանձնումն իրականացվում է Եվրոպական միության և ԱՀԿ-ի համատեղ ջանքերով՝ «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օգնել կանխել, հայտնաբերել և արձագանքել COVID-19 համավարակին՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում։ Նախաձեռնության շրջանակում տրամադրվել են ընդհանուր 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների, 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոց, 20 էլեկտրասրտագրության սարք, 11 պացիենտի մոնիտոր և 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։

Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆտորոգրաֆիայի ստացիոնար սարքավորում։

«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին էր COVID-19 համավարակի բռնկման հենց առաջին օրերից՝ տրամադրելով աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ Այս դժվարին ժամանակաշրջանում տրամադրել ենք աջակցություն տնտեսական աճի ուղղությամբ, աջակցել հիվանդանոցներին՝ ապահովելով եվրոպացի մասնագետների այցեր, օգնել հեռավար կրթության հասանելիության ապահովման հարցում, և ամենակարևորը՝ համավարակի ընթացքում աջակցել ենք Հայաստանին փրկելու մարդկանց կյանքեր։

Կարծում եմ՝ թթվածնի խտացուցիչների տրամադրումը կօգնի մեղմել համավարակի ընթացքում առաջացած սթրեսը և ճնշումները հիվանդանոցներում, բժիշկների և բուժքույրերի շրջանում՝ նպաստելով կյանքեր փրկելու և ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված նրանց գործին: Միասնաբար, հուսանք, շուտով կտեսնենք այս համավարակի վերջնական նահանջը Հայաստանում»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Այս մասին տեղեկացնում է ԵՄ-ն։